211652_close_icon
views-count7982 դիտում article-date 12:32 29-07-2021

Հակառակորդը քայլ առ քայլ, մետր առ մետր զավթում է մեր տարածքները. Հրաչյա Պետրոսյանց. «Հայկական ժամանակ»

Լայնամասշտաբ ռազմական գործողությունները չեմ բացառում, բայց դրանք տարվա այս եղանակին քիչ հավանական են: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:

Նշենք, որ հուլիսի 28-ի երեկոյան՝ ժամը 03:40-ից, հակառակորդը Գեղարքունիքի սահմանային հատվածում՝ Սոթքից մինչեւ Վերին Շորժա, տեղային մարտեր էր սկսել, սակայն ժամը 09:20-ի դրությամբ կորուստներ տալով՝ հետ շպրտվել ելման դիրքեր: Գործողությունների հետեւանքով հայկական կողմն ունի 3 զոհ եւ 4 վիրավոր:

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Հրաչյա Պետրոսյանցի հետ:

- Ի՞նչ նպատակ էր հետապնդում հակառակորդը սրանով եւ որքանո՞վ է ռազմական տեսանկյունից հասել իր նպատակին:  

- Մենք միայն պաշտոնական տեղեկությունները գիտենք: Իրականությունը, ցավոք սրտի, մեզ անհասանելի է այս պահին: Դրա համար միայն ենթադրություններ կարող ենք անել: Իսկ ենթադրությունն այն է, որ հակառակորդը քայլ առ քայլ, մետր առ մետր զավթում է մեր տարածքները: Չեմ կարող ասել, թե ռազմական տեսանկյունից որքանով են իրենց նպատակին հասել, բայց, ըստ բաց տվյալների, ունեցել են որոշակի հաջողություն, իսկ հետո մերոնք վերականգնել են կորցրածը:

- ՊՆ-ն նշել էր, որ տեղային մարտեր են ընթացել: Ի՞նչ ասել է տեղային մարտ: Ելնելով առկա վիճակից՝ լայնամասշտաբ գործողություններ հնարավոր համարո՞ւմ եք:

- Եթե ռազմարվեստի տեսանկյունից նայենք, տեղային մարտ հասկացություն չկա: Այդ տերմինն օգտագործվում է պատերազմների հետ կապված՝ տեղային պատերազմներ: Կան մարտեր կոնկրետ մարտավարական նշանակություն ունեցող տարածքների կամ օբյեկտների համար: Ըստ երեւույթին՝ դա գալիս է հայտարարությունը տարածողների ռազմարվեստին ընդհանրապես չտիրապետելու հանգամանքից: Այսինքն՝ մարտավարական նշանակության մարտեր են տեղի ունեցել: Մենք չգիտենք, թե կոնկրետ ո՞ր բարձունքի համար են այդ մարտերն ընթացել, որ գնահատենք:

Ես երբեւիցե լայնամասշտաբ գործողությունները չեմ բացառում: Ուղղակի զուտ տրամաբանորեն միշտ ենթադրում ենք, որ տարվա այս եղանակին լայնամասշտաբ գործողությունները քիչ հավանական են: Դրանք հավանական են աշնանը եւ գարնանը, եւ եթե նայենք Ադրբեջանի իրականացրած ակտիվ մարտական գործողությունները, կտեսնենք, որ դրանք բոլորը հիմնականում սկսվել են կա՛մ աշնանը, կա՛մ գարնանը: Ձմռան եւ ամռան ամիսներին մեր բնակլիմայական պայմանները որոշակի խնդիրներ են ստեղծում ե՛ւ ռազմական տեխնիկայի շահագործման, ե՛ւ սպասարկման, ապահովման ու կոմունիկացիոն առումով:

- Ըստ ձեզ՝ ինչո՞ւ են գործողություններ սկսել սահմանային հենց այդ հատվածում:

- Կարծում եմ՝ առաջին հերթին պետք է հասկանանք, թե դա ի՞նչ նպատակ է հետապնդում: Եթե քաղաքական նպատակներ են հետապնդում, ապա ընդհանրապես նշանակություն չունի, թե որտե՞ղ են տեղի ունենում. դա կլինի Երասխում, Սյունիքում, Սոթքում, թե՞ այլ տեղ: Եթե զուտ ռազմական տեսանկյունով է տեղի ունենում՝ թշնամու կողմից ռազմական որոշակի խնդիրներ լուծելու համար, ապա տրամաբանորեն ռազմարվեստի ուսումնասիրությունից պետք է հասկանալ, որ հարձակվում են իրենց կողմից վերլուծությունով դուրս բերված ամենաթույլ օղակի վրա կամ շատ կարեւոր մարտավարական նշանակության օբյեկտի վրա:

Մանրամասն՝ սկբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր