211652_close_icon
views-count1743 դիտում article-date 13:13 28-07-2021

Մեր նպատակը ոչ թե ապագա ինչ-որ պատերազմի պատրաստվելն է, այլ պատերազմից խուսափելը․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Ֆրանսիան քաղաքական գործընթացների վերսկսման կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին, որը պետք է լինի արդար և չպետք է տեղի ունենա ուժի կամ այլ ազդեցության ներքո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

«Այս պահին, երբ այս միջոցառումն ենք իրականացնում (Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու առթիվ մամուլի ասուլիս – խմբ.), ՀՀ տարածքում`  Գեղարքունիքի մարզում զինված գործողություններ են ընթանում: Բնականաբար, մտքով զոհված զինվորների և նրանց ընտանիքների հետ ենք: Մենք նաև գիտակցում ենք, որ այս ամենը տեղի է ունենում մի կոնտեքստում, երբ հայ-ադրբեջանական սահմանին վատթարացում կա: Սրանք իրադարձություններ են, որոնք առաջացնում են Ֆրանսիայի անհանգստությունը, որովհետև այն նաև հրադադարի խախտում է, դրա պատճառով նաև Հայաստանի սահմաններին անվտանգային իրավիճակի վատթարացում է գրանցվում: Այս համատեքստում Ֆրանսիան կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացները վերսկսել, բայց այդ գործընթացը պետք է լինի արդար և չպետք է տեղի ունենա ուժի կամ այլ ազդեցության ներքո:  Բնականաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շփումներ կան Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, որպեսզի նախ և առաջ իրավիճակի հանգստացմանը մեր ներդրումը ունենանք: Եվ, երբ ժամանակը գա, արդեն մեր ներդրումը ունենանք քաղաքական գործընթացի վերսկսման մեջ»,- ասաց Լաքոտը:

Դեսպանը նշեց, որ Ֆրանսիան կդիտարկի Հայաստանի կողմից պաշտպանության ոլորտում աջակցության վերաբերյալ դիմումները, սակայն նաև պետք է հաշվի առնել այն, որ Հայաստանը և Ֆրանսիան միևնույն ռազմական ալյանսների մաս չեն կազմում: 

«Ընդհանուր առմամբ մեր նպատակը ոչ թե ապագա ինչ-որ պատերազմի պատրաստվելն է, այլ պատերազմից խուսափելն է, որովհետև, կածում եմ, որ տարածաշրջանում առկա խնդիրները չպետք է ունենան ուժային լուծում`  Ղարաբաղի հարցը, հայ-ադրբեջանական սահմանի հարցը պետք է լուծվեն միայն բանակցային ճանապարհով: Ցանկացած այլընտրանք տանելու է փակուղի»,- ասաց Լաքոթը:

Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան հնարավոր այցին, դեսպանն ասաց․ 

«Այս պահի դրությամբ ոչ մի հստակ ամսաթիվ չկա: Բայց, ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ նախագահ Մակրոնը այց կկատարի այն ժամանակ, երբ այցը օգտակար կլինի տարածաշրջանում քաղաքական գործընթացներին աջակցելու համար: Այդ պահին պարզ կտեսնենք, թե ինչ փաստաթուղթ կարող է ստորագրվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև»,- ասաց Լաքոթը՝ անդրադառնալով կողմերի միջև որևէ փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին հարցին:

Նմանատիպ նյութեր