211652_close_icon
views-count1679 դիտում article-date 11:11 28-07-2021

Հանձնաժողովի եզրակացությունը նախօրոք հայտնի է․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Եկող շաբաթ իր աշխատանքն է սկսելու 8-րդ գումարման Ազգային ժողովը, եւ այդ իրադարձությանն ընդառաջ դարձյալ շրջանառվում է 44-օրյա պատերազմի տխուր արդյունքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարը:

Ճիշտն ասած՝ այդ գաղափարն իմ մեջ խանդավառություն չի առաջացնում: Տարբերակների այլընտրանքներն, ըստ էության, շատ չեն:

1/ Հանձնաժողովը կազմված կլինի ՔՊ-ականներից, իշխանությանը մոտ կանգնած արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներից եւ «նախկինների» հանդեպ մուռ ունեցող գեներալներից (օրինակ, Սամվել Բաբայանից): Այդ դեպքում հանձնաժողովը «կապացուցի», որ Փաշինյանը ոչ մի բանում մեղավոր չէ, իսկ պարտության պատճառն այն է, որ «նախկինները» թալանում էին բանակը, ծախում էին Արցախը, իսկ Դավիթ Տոնոյանն ու Օնիկ Գասպարյանը վատ էին ղեկավարում մեր զինված ուժերը:

2/ Եթե զուտ տեսականորեն ընդունենք, որ հանձնաժողովը կազմված կլինի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչներից ու նրանց համակիրներից, ապա այդ կառույցը կգա եզրակացությանը, որ պարտության մեջ մեղավոր է բացառապես Նիկոլ Փաշինյանը: 

3/ Ամենահավանական տարբերակն այն է, որ հանձնաժողովում սկզբնական շրջանում ընդգրկված կլինեն խորհրդարանական երեք ուժերի ներկայացուցիչները, բայց ընթացքում ընդդիմությունը կտեսնի, որ աշխատանքը գնում է վերը բերածս առաջին վարկածը հաստատելու ուղղությամբ, եւ նրանք հանձնաժողովի աշխատանքը կբոյկոտեն: Կամ, որպես «ենթատարբերակ», կբոյկոտեն հենց սկզբից:

Իմ պատկերացրած իդեալական, բայց ամենաանհավանական տարբերակն այն է, որ գտնվեն հեղինակավոր, որեւէ քաղաքական եւ անձնական շահեր չհետապնդող իրավաբաններ, քաղաքագետներ եւ ռազմական գործի մասնագետներ ու տան իրենց զուտ փորձագիտական եզրակացությունը, որը բոլոր կողմերի համար կլինի ընդունելի. այդ եզրակացությունը քաղաքական ուժերը լրջորեն հաշվի կառնեն իրենց հետագա գործունեությունը կազմակերպելու համար: Որեւէ մեկին մեղադրելու, պատժելու, անարգանքի սյանը գամելու ձգտումը (եթե այն չի իրականացվում իրավապահների կողմից) միայն սրում է հակասությունները եւ չի նպաստում ճշմարտության վերհանմանը: Այդ իմ տարբերակն անիրատեսական է, որովհետեւ նման հեղինակավոր, բոլոր կողմերի համար ընդունելի մարդիկ Հայաստանում պարզապես չկան: Ցանկացած միտք, որը թելադրված չէ որեւէ քաղաքական շահով, վարկաբեկվում է եւ որակվում է որպես այս կամ այն կողմին աջակցող գաղափար:

Մի խոսքով, հանձնաժողովի հետ ես հույսեր չեմ կապում՝ դա քաղաքական ուժերի՝ իրար վրա «բոչկա գլորելու» գործիք է: Իսկ հանձնաժողովից դուրս ես կառաջարկեի պետական մտահոգություններ ունեցող բոլոր մարդկանց մտածել, թե որոնք էին մեր 30 տարվա ներքին եւ արտաքին քաղաքականության, տնտեսության, բանակաշինության արատները, որոնք բերեցին այս խայտառակ պարտությանը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր