211652_close_icon
views-count4599 դիտում article-date 10:18 28-07-2021

Ստացվում է՝ բանակցային սեղանին կա փաստաթուղթ և իր ցանկալի արդյունքին հասնելու համար Ադրբեջանը սահմանային լարվածություն է հրահրում, պետք է պատրաստ լինենք բոլոր սցենարներին․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է այսօր հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում ադրբեջանական կողմի հարձակմանն ու այդ մասին ՀՀ ՊՆ հաղորդագրությանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«ՀՀ ՊՆ հաղորդագրություններից պարզ է դառնում, որ Մոսկվայում նախատեսված բանակցություններ են եղել, սակայն Ադրբեջանը դրանից առաջ հարձակումներ է սկսել սահմանի տարբեր հատվածներում:
«Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում»,- նշված է ՊՆ ռելիզում։

Իրականում սա կարևոր դետալ է հասկանալու, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը և ինչ քայլերի է պատրաստ դիմել:

Ստացվում է, որ բանակցությունների սեղանին կա դրված փաստաթուղթ և իր ցանկալի արդյունքին հասնելու համար Ադրբեջանը դիմել է իր հայտնի գործիքակազմին՝ սահմանային լարվածություն, սադրանքներ, լոկալ մարտեր և այլն:

Հաշվի առնելով վերջին շաբաթվա ընթացքում սահմանի տարբեր հատվածներում առկա իրադրությունը, ինչպես նաև՝ բանակցությունների առարկա փաթեթը, ենթադրելի է, որ ՀՀ զինված ուժերը սահմանի ուժեղացմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ են իրականացրել և այս մարտերն ընդհանուր տրամաբանության մեջ սպասելի են եղել:

Դեռ չեմ խոսում հետախուզության, ռազմաքաղաքական իրադրության վերլուծության և իրավիճակի հետագա ընթացքը հուշող այլ գործոնների մասին:

Պետք է պատրաստ լինենք իրադրության զարգացման բոլոր հնարավոր սցենարներին և դիտարկել երկրի անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումների ձեռնարկման մասին»:

Նմանատիպ նյութեր