211652_close_icon
views-count2089 դիտում article-date 10:05 26-07-2021

Տիխանովսկայան Նյու Յորքում հանրահավաքի ժամանակ նշել է, որ չի վախենում Բելառուսում ռուսական զորքի «գործարկումից»

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան Նյու Յորքում կայացած հանրահավաքի ժամանակ նշել է, որ չի վախենում Բելառուսում ռուսական զորքերի «գործարկումից», գրում է ria.ru-ն։

Նյու Յորքում և հարակից շրջաններում բնակվող մի քանի հարյուր բելառուսներ կիրակի հավաքվել են Հուդզոն գետի ափին գտնվող Բեթերի զբոսայգում՝ նախագահի նախկին թեկնածուին հարցեր տալու համար։

Ի պատասխան այն հարցին, թե չի վախենում, որ Բելառուսում ռուս զինծառայողները կօգտագործվեն ընդդիմության դեմ, Տիխանովսկայան նշել է, որ նման սպառնալիք չի տեսնում։

«Ես փորձագետ չեմ։ Մենք փորձում ենք շփվել նրանց հետ, ովքեր ինչ-որ բան են հասկանում ռազմական գործերից: Չեմ կարծում, որ դա սպառնալիք է», - ասել է նախագահի նախկին թեկնածուն։

2020 թվականի օգոստոսին, Բելառուսում հակակառավարական ցույցերի գագաթնակետին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Բելառուսի նախագահի խնդրանքով ստեղծել է իրավապահ մարմինների աշխատակիցներից խումբ, որն անհրաժեշտության դեպքում գործի կանցնի: Նա հավելել էր, որ ուժերը գործի չեն անցնի, քանի դեռ ցուցարարները չեն անցել բոլոր սահմանները։ Սեպտեմբերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավելել էր, որ Ռուսաստանի իրավապահ մարմինների խումբը չի գործարկվել, և «Աստված չանի, գործարկվի»:

Հաջորդ հարցին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրասենյակից զանգ ստացվե՞լ է, Տիխանովսկայան բացասական պատասխան է տվել։ Ավելի վաղ նա նշել էր, որ կցանկանա երկխոսության մեջ մտնել Մոսկվայի հետ, սակայն ՌԴ իշխանություններն այլ դիրքորոշում ունեն։ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ նշել էր, որ ՌԴ-ն ցանկություն չունի նպաստել փախուստի դիմած ընդդիմության օրինականացմանը։

Հիշեցնենք, որ 2020 թվականին օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններից հետո, երկրում սկսվել են ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաները: Ընդդիմությունը կարծում է, որ Տիխանովսկայան է հաղթել և պահանջում է բանակցություններ վարել իշխանության փոխանցման և նոր ընտրությունների շուրջ:

Նմանատիպ նյութեր