211652_close_icon
views-count106968 դիտում article-date 10:58 10-07-2021

Սպանություն՝ Երևանի կենտրոնում. «Անի» հյուրանոցի մոտից 2 երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց, մեկը մահացել է, մեկն էլ ծայրահեղ ծանր վիճակում է

Այսօր՝ հուլիսի 10-ին, սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ 

Ժամը 02։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների «06» խմբից ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ դանակահարված վիճակում թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական խումբը՝ բաժնի պետ Սիմոն Հարությունյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մարգարյանի գլխավորությամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ, իսկ կարճ ժամանակ անց թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչ՝ 23-ամյա Արեգ Խալաթյանը, ով նշված կենտրոն է տեղափոխվել «ստորին սիներակի լայնակի պատռվածք, հաստ աղիքի վնասում, բարակ աղիների վնասում, հեմատոմա և հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ, ով մահացել է, իսկ վիրավորը Արցախի Հանրապետության բնակիչ՝ 21-ամյա Արման Պողոսյանն է։ Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «ներքին կրծքային զարկերակի վնասում, թոքի վնասում» ախտորոշմամբ և այս պահին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 01։00-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա 19 հասցեում գտնվող «Անի» հյուրանոցային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց և դեռև չպարզված անհայտ անձի միջև, ով սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նշված անձանց։ 

Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, վիճաբանության մասնակիցների ամբողջական տվյալները պարզելու, նրանց և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նմանատիպ նյութեր