ԱԱԾ-ն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում խուզարկությունից հետո 1 աշխատակցի առանց հիմքի ձերբակալել է. Հակոբյան. NEWS.am
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մի քանի աշխատասենյակներ են խուզարկել, մեկ աշխատակցի էլ առանց հիմքի ձերբակալել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։
«Կոմբինատի մի քանի աշխատասենյակներ են խուզարկել, մասնավորապես, իրավաբանի եւ էներգետիկայի բաժնի աշխատակիցների աշխատասենյակները»,- ասաց նա։
Հակոբյանը նշեց, որ խուզարկության արդյունքում կոմբինատում ոչինչ չեն հայտնաբերել. «Քիչ առաջ տեղեկացա, որ կոմբինատի աշխատակիցներից մեկին ձերբակալել են։ Անհասկանալի է մեզ, թե ինչ հիմքով։ Ես սա որակում եմ քաղաքական հետապնդում, այլ կարծիք չկա։ Երեւի ներկա իշխանությունները չեն մարսել, որ Քաջարանը միակ քաղաքն է եղել, որտեղ պարտվել է գործող իշխանությունը»։
Նա ասաց, որ ձերբակալված անձը Արմեն Անդրեասյանն է. «Անդրեասյանին ձերբակալել են, իսկ Մանվել Փարմազյանին էլ բերման ենթարկել։ Քանի որ Նիկոլը չի մարսում Սյունիքում տեղի ունեցածը, ու չի մարսում նաեւ, որ չնայած իրենց կողմից արված ապօրինություններին, որ Սյունիքն ամենաբարձր ցուցանիշն է տվել»։
Անդրադառնալով երեկ՝ հուլիսի 7-ին, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ՀՔԾ բերման ենթարկելուն՝ Վահե Հակոբյանն արձագանքեց.
«Իրենք թիրախ են ընտրել Քարահունջ համայնքի ղեկավարին, որը կին է, նրանք ընտրել են այդ կնոջը, որ հեշտ լինի աշխատելը։ Նրան ստիպել են ցուցմունք տալ, մի քանիսին են գտել, որոնցից փորձել են ցուցմունք կորզել։ Երեք օր այդ կնոջը պահել են մեկուսարանում, ասել են՝ կամ պիտի ցուցմունք տաս Առուշանյանի դեմ, կամ պիտի դատվես. այդ կինն էլ տվել է ցուցմունք։ Նույն սցենարով հիմա հերթը եկել է Փարամազյանին։ Ինչ-որ մեկը , որը ՔՊ-ական է, տվել է ցուցմունք Փարամազյանի դեմ, եւ հարց է՝ արդյոք այդ ցուցմունքն իրակա՞ն է, թե՞ ոչ»։
Նշենք, որ այս պահին ԱԱԾ-ն Քաջարանի քաղաքապետին տեղափոխում է Երեւան։ Առավոտից նրա բնակարանում եւ ավտոմեքենայում ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն էին իրականացնում, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, դեռեւս հայտնի չէ։