211652_close_icon
views-count2903 դիտում article-date 00:08 06-07-2021

Սահմանադրությունն առաջին հերթին խախտում է Փաշինյանը՝ արգելելով զինված ուժերին՝ իրենց խնդիրը կատարել.Կիմ Բալայան

ՀՀ Սահմանադրության օրվա առիթով NEWS.am–ը զրուցել է Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանի հետ։

Պարոն Բալայան որոնք են քաղաքացու՝ պետության հանդեպ ունեցած սահմանադրական երեք կարևոր պարտականությունները, որոնք նա պարտավոր է պահել՝ անկախ ամեն ինչից։

Ամեն ինչ չէ, որ պետք է թղթի վրա գրվի և ընդունվի որպես Սահմանադրան օրենք. կան նաև բարոյական նորմեր, որոնք շատ ավելի կարևոր են, քան Սահմանադրությամբ  ամրագրված դրույթները։ Սակայն ցավալի է, որ այսօր ոչ միայն բարոյական, այլև իրավական նորմերը չեն պահվում։ Առաջին կարևոր նորմն ինձ համար յուրաքանչյուր քաղաքացու՝ իր հայրենիքին տեր լինելն է։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է փորձի ծառայել իր պետության կայացմանը։ Երկրորդ կարևոր դրույթն ինձ համար մարդու իրավունքների գերակայությունն է։ Մարդու իրավունքները երբեմն կարող են հակադրվել հասարակական կամ պետական շահին, սակայն որևէ դեպքում չպետք է ստորադասվի մարդու իրավունքը։ Յուրաքանչյուր ոք՝ լինի պաշտոնյա, թե հասարակ քաղաքացի, պետք է առաջնորդվի Սահմանադրական այն սկզբունքով, որ մարդը պետության համար բարձրագույն արժեք է։ Շատ կարևոր է նաև այն, որ ամեն մի հայ, անկախ նրանից, թե որտեղ է ապրում,  Հայաստանը համարի իր հայրենիքը, իսկ պետությունն էլ իր հերթին պաշտպանի հայ մարդկանց շահերը՝ որտեղ էլ որ նրանք ապրեն։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության օրվա առթիվ հղած իր ուղերձում նշել է, որ արտահերթ  ընտրություններն ի ցույց դրեցին, որ տասնամյակների պայքարից հետո Հայաստանում անշրջելիորեն հաստատված է սահմանադրական այն դրույթը, որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին։ Արդյոք համամի՞տ եք այս բնորոշմանը։

Նախ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ բարոյական իրավունք ունի Սահմանադրության օրվա կապակցությամբ ուղերձով հանդես գալիս, երբ նույն այդ Սահմանադրությունը նրան վարչապետի պաշտոնակատար լինելու որևէ լիազորություն չի տվել։ Սահմանադրության ո՞ր կետով ղեկավարվելով է նա հրաժարականից հետո մնացել պաշտոնակատար։ Այդ նույն սկզբունքով այսօր կարող էր օրինակ Սերժ Սարգսյանն էլ գալ և ասել, որ ինքն է վարչապետի պաշտոնակատարը։ Սա նշանակում է, որ պետության դե ֆակտո ղեկավարը Սահմանադրության նկատմամբ հարգանք չունի։ Փաշինյանն ընդամենը փորձում է իր իշխանությունը պահել, երբ անընդհատ հայտարարում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։

Փաշինյանի խոսքով՝ երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու և ոչ թե ճգնաժամ հարուցելու միջոց: Ըստ ձեզ՝ այսօր իսկապես հաղթահարվա՞ծ է քաղաքական ճգնաժամը և երկիրը գտնվում է իր բնականոն հունի մեջ։

Իմ խորին համոզմամբ՝ մեր երկիրը նոր ճգնաժամ է թևակոխել։ Ամբողջ աշխարհի հայերն այսօր գլխիկոր ման են գալիս ոչ միայն նրա համար, որ Արցախի և Հայաստանի մաս կազմող տարածքներ են հանձնվել, այլև, որ ժողովուրդը թույլ է տվել, որ այսպիսի իշխանությունը մնա իշխանության ղեկին

Սահմանադրության 14–րդ հոդվածն ամրագրում է`ՀՀ զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Շուրջ երկու ամիս է թշնամու զորքը Հայաստանի սուվերեն տարածքում է, թշնամու 1000–ից ավելի զինվորներ իրենց վերահսկողության տակ են պահում ռազմավարական կարևոր նշանակության կարևոր բարձունքներ, տարածքներ, սակայն մեր զինված ուժերը որևէ կերպ չեն հակազդում թշնամու առաջխաղացմանը։ Ի՞նչ հետևանք կարող է ունենալ սահմանադրական պարտականությունների չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը պետության և զինված ուժերի համար։

Առաջին հերթին Սահմանադրությունը խախտում է Նիկոլ Փաշինյանը, որն արգելում է մեր երկրի պաշտպանական գերատեսչությանը իր խնդիրները կատարել՝ զինված ուժերին, սահմանապահ զորքերին համապատասխան քայլեր ձեռնարկել։ Փաշինյանը Սահմանադրությունը դրոշակ է դարձրել, խոսում է օրենքի և իրավունքի գերակայությունից, սակայն ամեն օր այդ օրենքներն ու իրավունքները ոտնահարում է, հակառակ դեպքում ինչպես է հնարավոր պատկերացնել այլ երկրի զորք մտնի քո տարածք և դու համապատասխան գործողություններ չձեռնարկես։ 1990–ականներին, երբ թշնամին մեր զորքից գերի էր վերցնում, մենք առևանգում էինք թշնամու զինվորներին, որ փոխանակենք։ Փոխարենը մենք գերիներին փոխանակում ենք ականապատ տարածքների քարտեզների հետ։ Եթե այդպես շարունակվի, արդեն այդ քարտեզներին փոխարինելու կգան տարածքները և մեզ կպարտադրեն գերիների դիմաց տարածքներ հանձնել թշնամուն։

Նմանատիպ նյութեր