211652_close_icon
views-count1364 դիտում article-date 17:28 04-06-2021

Ընթերցողի սեղանին կդրվի վամպիրաբանության գլխավոր գրական հուշարձանի՝ Բրամ Սթոքերի «Դրակուլա» վեպի հայերեն թարգմանությունը

Ընթերցողի սեղանին կդրվի վամպիրաբանության գլխավոր գրական հուշարձանի՝ Բրամ Սթոքերի «Դրակուլա» վեպի հայերեն թարգմանությունը: Գրքի շնորհանդեսը կնշանավորվի Dracula Night խորագրով յուրահատուկ միջոցառմամբ, որը կանցկացվի հունիսի 11-ին, ժամը 22:00 «Դարան» գրախանութում:

Նշենք, որ գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը. թարգմանությունն անգլերենից՝ Արևիկ Ղարիբյանի, համաթարգմանիչ և խմբագիր՝ Զավեն Բոյաջյան:

Գրքի շնորհանդեսի ընթացքում մասնակիցներն ամենատարբեր եղանակներով կընկղմվեն վապմիրային միջավայր:

Երեկոյի ընթացքում կինոգետ, թարգմանիչ, խմբագիր Զավեն Բոյաջյանը անդրադարձ կկատարի ոչ միայն Սթոքերի «Դրակուլա» վեպին, այլև վեպի էկրանավորումներին: Իսկ ժամը 22:30-ից հետո ներկաները Զավեն Բոյաջյանի հետ կդիտեն Ռոման Պոլանսկու՝ 1967 թվականի արտադրության «Վամպիրների պարահանդեսը» կատակերգական ֆիլմը:

Իռլանդացի գրող Բրամ (Աբրահամ) Սթոքերի (1847-1912) «Դրակուլա» վեպին վիճակված էր դառնալու համաշխարհային գրականության ամենահռչակավոր գործերից մեկը: Վամպիրիզմի դիվային մոլեգնությամբ բռնված կոմս Դրակուլայի ահազդու ոդիսականը, որտեղ յուրովի են միահյուսվել սեքսի, արյան ու մահվան մոտիվները, տարատեսակ մեկնությունների և վերլուծությունների տեղիք է տվել, անհամար գրական ստեղծագործություններ, ֆիլմեր ու ներկայացումներ ծնել: Առաջին անգամ 1897-ին Լոնդոնում լույս տեսած այս բացառիկ գիրքը մինչև օրս էլ մնում է «վամպիրային առասպելի» գլխավոր աղբյուրը:

Նմանատիպ նյութեր