Քաղաքացին անհիմն կերպով ենթարկվել է վարչական պատասխանատվության․ ոստիկանները կազմել են ապօրինի արձանագրություն. ՀՔԱՎ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ Ա․ Պ․-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ ոստիկանության վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջով․ հայցը բավարարվել է։
Դեռևս 2020 թ. ապրիլի 4-ին արտակարգ դրություն հայտարարվելուց հետո Ա․ Պ․-ն տնից դուրս գալիս իր հետ ունեցել է տեղաշարժման թերթիկ, և քանի որ առաջին անգամ էր լրացնում այն, մոտեցել էր ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի տեսուչներին՝ ճշտելու համար՝ արդյոք սահմանված կարգով է լրացված․ ըստ ոստիկանների՝ բացակայում էր միայն ամսաթիվը, այնուամենայնիվ, որոշ գրառումներ են կատարել։ Ա․ Պ․-ի այն հարցին, թե պատրաստվում են պատասխանատվության ենթարկել, պատասխանել են, որ ոչ, իսկ գրառումը միայն բաժնի պետին ցույց տալու համար է, որ քաղաքացին դիմել է իրենց, և իրենք օգնել են: Մինչդեռ հետագայում պարզվել է, որ Ա. Պ.-ն, հիմնվելով սուտ տեղեկությունների վրա, ստորագրել է իր նկատմամբ ոստիկանների կողմից կազմված վարչական ակտ սահմանելու ապօրինի արձանագրությունը:
Այսպես՝ Ա․Պ․-ի նկատմամբ սահմանվել է 100․000 ՀՀ դրամի չափով տուգանք, որը «ՀՀ վարչական իրավախախտումերի» վերաբերյալ օրենքում փոփոխությունների, լրացումների արդյունքում նվազել է մինչև 10․000 ՀՀ դրամ․ այս ամենը անհիմն և ապօրինի համարելով՝ Ա․Պ․-ն դիմել է ՀՀ վարչական դատարան։
Հատկանշական է, որ Ա․ Պ․-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության այն դեպքում, երբ արտակարգ դրության պայմաններում ՀՀ Պարետի կողմից խախտվել են ՀՀ Սահմանադրության որոշ նորմեր՝ անձանց ազատ տեղաշարժման իրավունքների սահմանափակմանը վերաբերող որոշումների ընդունմամբ, երբ դրա իրավունքն ունի միայն երկրի օրենսդիր մարմինը՝ Ազգային ժողովը, որն այդ ժամանակահատվածում որևէ օրենք կամ օրենսդրական կարգավորում չէր ընդունել դրա վերաբերյալ։
Բացի դրանից՝ ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասին «ա» կետի՝ օրենքի խախտմամբ, սխալ կիրառմամբ կամ մեկնաբանմամբ վարչական ակտը համարվում է անվավեր․ այսպես՝ ՀՀ վարչական դատարանը, հաշվի առնելով, որ վարչարարությունը ըստ պատշաճի չի իրականացվել, 2021 թ․ ապրիլի 8-ին վճռեց բավարարել Ա․ Պ․-ի հայցը։
Այսպես՝ վարչարարության ոչ պատշաճ իրականացումը հանգեցնում է օրենքի խախտման, սխալ կիրառման կամ մեկնաբանման, ինչը հակասում է սահմանադրական նորմերին և շատ հաճախ պատճառ հանդիսանում անձանց նկատմամբ անհիմն կերպով վարչական պատասխանատվության սահմանելուն, այդ թվում՝ խոշոր չափի տուգանքի: