211652_close_icon
views-count1466 դիտում article-date 21:30 25-05-2021

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարի հետ

Մայիսի 25-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց ԵԽ Գլխավոր քարտուղարության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորին և ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտին։ 

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ԵԽ Գլխավոր քարտուղարության ծրագրերի գրասենյակի տնօրենը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարին հանձնեց Մարտինա Շմիդտին ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար նշանակելու մասին ԵԽ Գլխավոր քարտուղարի նամակի բնօրինակը:

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը շնորհավորեց Մարտինա Շմիդտին՝ ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի կարևոր առաքելության ստանձնման առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների հետ շարունակական համագործակցության միջոցով կարձանագրվեն նոր ձեռքբերումներ։

Խոսելով ԵԽ-ին Հայաստանի անդամակցության 20-ամյակի մասին՝ Արա Այվազյանը կարևորեց Եվրոպայի խորհրդի հետ փոխգործակցության հարուստ օրակարգը՝ ընդգծելով Հայաստան-ԵԽ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի կարևորությունը՝ երկրում բարեփոխումների շարունակական իրականացման և ժողովրդավարության ամրապնդման գործում։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ կատարեց Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին։ Այս համատեքստում Արա Այվազյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը կարևոր դեր է վերապահում Եվրոպայի խորհրդին՝  Արցախում հումանիտար խնդիրների հասցեագրման, ներառյալ՝ տեղահանության, մշակութային և կրոնական կոթողների ավերման, Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց շարունակվող պատանդառության հարցերում, ինչպես նաև Արցախի բնակչության՝ մարդու անքակտելի իրավունքների պաշտպանության և լիարժեք իրացման ապահովման գործում։

ԱԳ նախարարի պաշտոնակատարը զրուցակիցների ուշադրությունը հրավիրեց միջազգային մասնագիտացված կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի կառույցների և պաշտոնական ներկայացուցիչների՝ Արցախ անարգել մուտքի ապահովման անհրաժեշտության վրա՝ այս առումով ընդգծելով Ադրբեջանի կողմից խոչընդոտներ հարուցելու անթույլատրելիությունը։ Նախարարի պաշտոնակատարը հատուկ կարևորեց հայ ռազմագերիների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ որոշումների կատարումը:

Նմանատիպ նյութեր