211652_close_icon
views-count66974 դիտում article-date 23:38 24-05-2021

Սպանության փորձ Արարատի մարզում. 27-ամյա տղամարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել 67–ամյա կնոջը. Արտաշատի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին ու հանցագործության գործիք դանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 24-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածների կտրած, ծակած բազմակի վերքերով» իրենց մոտ է տեղափոխվել մի կին:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը:

 Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է  վիրահատարանում, նրա վիճակը ծայրահեղ ծանր է ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են, որ  հիվանդանոց տեղափոխվածը Արտաշատ քաղաքի բնակիչ, 67-ամյա Անահիտ Հ.-ն է:

Մինչ բժիկները պայքարում էին  նրա կյանքի համար, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության և հետաքննության բաժանմունքների ծառայողները  պարզել են, որ նույն օրը՝ ժամը 06:30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակարաններից մեկում Անահիտ Հ.-ի հետ  վիճաբանել է Արտաշատի բնակիչ, 27-ամյա Աշոտ Հ.-ն, ով խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Անահիտ Հ-ի մարմնի տարբեր մասերին:

Ոստիկանները տաք հետքերով Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերել են կասկածյալ Աշոտ Հ.-ին և բերման ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին:

Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը հիվանդանոց է բերվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախ թոքի վերին բլթի միջանցիկ վնասումով, սրտապարկի և սրտի ձախ նախասրտի վնասումով,  հեմո-պնեվմոթորաքս, հեմոպերիկարդ, վերին վերջույթների և կրծքավանդակի բազմաթիվ կտրած-ծակած չթափանցող վերքեր, հեմոռագիկ և գիպովոլեմիկ շոկ 3-րդ աստիճանի» ախտորոշմամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի որոշմամբ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Քննչական վարչություն է  ներկայացվել նաև կասկածյալը, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Անահիտ և Աշոտ Հ.-երը ազգականներն են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր