211652_close_icon
views-count2635 դիտում article-date 22:36 24-05-2021

Տեր-Պետրոսյանը վրեժխնդրության զգացում ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, նա է շանտաժով Քոչարյանին ՀՀ բերել․ Ռուբեն Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ հասկանում է, որ չի կարող մրցակից լինել Ռոբերտ Քոչարյանին, ինքը պարզապես վրեժխնդրության զգացում ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը՝ մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի խոսքը, թե պարտության մեղավորը ոչ միայն Փաշինյանն է, այլև հողերը գրչով հանձնել հրաժարվողները, ինչպես նաև նրա կոչը՝ հրաժարվել պահանջատիրությունից և եղբայրանալ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։

«1997-98 թվականներին Լևոն Տեր-Պետրոսյանը Վազգեն Սարգսյանի հետ միասին Ռոբերտ Քոչարյանին, ինչ-որ տեղ պարտադրելով, Արցախից բերեցին ՀՀ, որ ստանձնի վարչապետի պաշտոնը։ Դա բացառապես պայմանավորված էր ներքաղաքական խնդիրներով․ 1996 թ․ կեղծ ընտրություններից հետո ինքը ենթադրում էր, որ Ռոբերտ Քոչարյանը ուղղակի պետք է օգտագործվեր, նա բոլորովին ուրիշ ծրագիր ուներ, բայց Քոչարյանը այդ ծրագրի մեջ չմտավ»,-պարզաբանեց Ռուբեն Հակոբյանը։

Նա հիշեցրեց այդ ժամանակահատվածը, երբ Տեր-Պետրոսյանը պարտվել էր ընտրություններում, ապա գեղեցիկ ձևակերպվեց, թե իբր ինքը զիջում է պատերազմի կուսակցություններին, բայց իրականությունն այն էր, որ պարտությունից հետո Հայաստանի տեր ու տնօրենը Վազգեն Սարգսյանն էր՝ այն մարդը, որը կարողացավ օգնել, որպեսզի ինքը կեղծիքներով գա իշխանության։

«Եվ դրանից շատ կարճ ժամանակ հետո Վազգենը բանի տեղ չէր դնում Տեր-Պետրոսյանին, Ռուսաստանը Հայաստանում իր միակ գործընկերը տեսնում էր Վազգեն Սարգսյանին։ Տեր-Պետրոսյանը շատ լավ հասկանում էր, որ ինքը այլևս քաղաքական գործոն չէ որպես նախագահ։ Եվ որ Ռոբերտ Քոչարյանին պարտադրեց, որ գա Հայաստան, ինքը մի խնդիր էր լուծում՝ ներքաղաքական, շատ պրիմիտիվ և շատ էժան։ Մի քանի անգամ խնդրեցին, պարտադրեցին, շանտաժ արեցնին, որ գա և դառնա ՀՀ վարչապետ․ շանտաժ կար, այլապես Արցախը կարող էր առանց օգնության մնալ»,-պատմեց Ռուբեն Հակոբյանը։

Իբրև ապացույց, որ դա էր Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռագիրը, Ռուբեն Հակոբյանը հիշեց, ինչպես էր Արցախի ղեկավար Արթուր Մկրտչյանի սպանվելուց 5 օր առաջ գնացել նրա տուն և տեսել՝ ինչքան վատ էր նա ապրում, նույնիսկ նրան սպասարկող «Նիվա» ավտոմեքենան վառելիք չուներ, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ հրահանգ էր տվել զրկել ամեն ինչից, քանի որ Մկրտչյանը դաշնակցական է։ Եվ սա գիտեր Քոչարյանը։

«Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին բերեց, որպեսզի կարողանա քաղաքական կրքերը այստեղ հարթել, մանավանդ որ, Դաշնակցությունը այդ ժամանակ բավականին ակտիվ էր նաև իր կառույցներով, իսկ Արցախն ու Դաշնակցությունը մի մարմնի մեջ էին տեղավորվում։ Եվ Ռոբերտ Քոչարյանին բերելով՝ Տեր-Պետրոսյանը քաղաքական էմոցիա գողացող քայլ արեց, որովհետև Հայաստանում եռում էին հետընտրական ամբողջ կրքերը, մարդիկ չէին համակերպվում, որ 30 տոկոսանոց ձայն հավաքողը կարող է դառնալ նախագահ»,-պատմեց նա։

Տեր-Պետրոսյանը, սակայն, իր նպատակին չհասավ՝ փաստեց Ռուբեն Հակոբյանը, քանի որ Ռոբերտ Քոչարյանը այն տեսակը չէր, որ կարող էր խաղալիք դառնալ և աներ այն, ինչ ուզում էր Տեր-Պետրոսյանը։

«Քոչարյանը միանգամից առանձնացավ, ցույց տվեց, որ ինքը ինքնուրույն գործոն է, կարողացավ տնտեսությունը ոտքի կանգնեցնել։ Բոլորը ընկալեցին այդ փաստը, և ինքը տեսավ, որ նա իր ընկալած Քոչարյանը չէ, որ իր համար ինչ-որ բան աներ և հրաժարական տվեց»,-ասաց նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր