211652_close_icon
views-count3122 դիտում article-date 13:29 20-05-2021

Եթե Սյունիքում իրադրությունը դուրս գար վերահսկողությունից, անկառավարելի զարգացումներ կարող էին լինել. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի գործողություններին, ասաց, որ դրանց նպատակներից մեկը պատերազմի հրահրումն էր:

«Այդ գործողություններն առնվազն Սյունիքի հատվածով իրականացվում է ՀՀ տարածքի ամենանեղ հատվածում և եթե իրադրությունը դուրս գար վերահսկողությունից, այնտեղ կարող էին անկառավարելի իրադարձություններ զարգանային, որ հետո կարող էր շատ մեծ պրոբլեմների մեզ հանգեցնել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը դիվանագիտական խողովակներով հացի լուծումը համարեց ճիշտ, արդարացված, բայց նշեց, որ դեռ չենք հասել մեր նպատակին:

«Չի կարելի բացառել ներքին պրոցեսները՝ դիտարկելով, որ այս գործողության նպատակը Հայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա ազդեցություն ունենալն է, ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալը, գուցե նաև ՀՀ-ում գործող այդ պրոպագանդիստական ցանցին քաղաքական աջակցություն ցուցաբերելը: Մենք ընդհանրապես կարծում ենք, որ պետք է գործենք բոլոր պրոպագանդաներից անդին, քանի որ պահը չափազանց պատասխանատու է և մենք արձանագրում ենք, որ մեզ համար կարևոր է տարածաշրջանի կայունությունը»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ է խոսվում սահմանի դելիմիտացիայի, սահմանների ճշգրտման մասին և այս ևս հարցով են փորձում ահաբեկել հանրությանը: «Ես ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, և դա իմ դիրքորոշումն է, որ սահմանների ճշգրտումը որքան պետք է Ադրբեջանին, այնքան էլ պետք է ՀՀ-ին, քանի որ սահմանների ճշգրտումը և, ի վերջո, ինչ–որ փուլում սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան անվտանգային կարևոր երաշխիք է»,- ասաց նա և նշեց, որ դա պարզ գործընթաց չէ:

Նա պարզաբանեց, որ դելիմիտացիան սահմանների գծագրումն է քարտեզների վրա, դեմարկացիան արդեն տեղում ֆիքսում են տեղանքի կետերը: «GPS-ով ստուգվում է, թե արդյոք սա այն կետն է, որը նշվում է քարտեզի վրա»,- բացատրեց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը կառավարության առաջնահերթություններից մեկն է, քանի որ դա որքան անհրաժեշտ է Ադրբեջանին, այնքան էլ անհրաժեշտ է Հայաստանին:

«Մենք միջանցքային տրամաբանության հարց կոմունիկացիաների կոնտեքստում չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու: Ուզում եմ ընդգծել, որ միջազգային հանրությունը ավելի ու ավելի ակտիվ՝ Մինսկի խմբի համանախագահող երկրները խոսում են Ղարաբաղի հարցի երկարատև քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին: Սա կարևոր է, քանի որ կա պնդում, թե Ղարաբաղի հարցը կարգավորված է: Հիմա կարող ենք արձանագրել, որ միջազգային հանրությունն արձանագրում է, որ Ղարաբաղի հարցը կարգավորված չէ և պետք է կարգավորել և ուզում եմ ընդգծել մեր Կառավարության կամքը՝ գնալ և կարգավորել, քանի որ դա մեզ անհրաժեշտ է երկարաժամկետ առումով պատերազմի բացառմամբ և հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար»,-ասաց նա և նշեց, որ սա շատ դժվար գործ է, այստեղ պետք է քաղաքական կամք, հարվածներ վերցնելու ունակություն, հանրության հետ բան խոսելու անհրաժեշտություն:

Չնայած դրան, նա կոչ արեց չտրվել իլյուզիաների: «Հանրությանը ուզում եմ կոչ անել չտրվել ադրբեջանական պրոպագանդայի հայաստանյան ցանցի սադրանքներին, և մենք հետևողական աշխատում ենք և աշխատելու ենք Արցախի, Հայաստանի շահերը պաշտպանելու համար»,- հավելեց նա:

Նմանատիպ նյութեր