211652_close_icon
views-count1675 դիտում article-date 13:28 19-05-2021

Հայաստան այցելած զբոսաշրջիկներից ամենաշատը եղել են Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի քաղաքացիներ

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 86 հազար 524 զբոսաշրջիկ, ինչը 2020 թվականի հունվար-մարտի 307 հազար 590-ի համեմատ նվազել է 71.9 տոկոսով: Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները:

Ամենաշատը ժամանել են Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անձինք՝ 30 հազար 213 մարդ: Այնուհետ ամենաշատը ժամանել են հենց Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձինք՝ 26 հազար 633: Նրանք հիմնականում այն հայերն են, որոնք բնակվում աշխարհի տարբեր երկրներում:  

Երրորդ տեղում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներն են` 9 394 մարդ: 2021-ի հունվար-մարտին Հայաստան է ժամանել հարևան Վրաստանի քաղաքացիություն ունեցող 8 հազար 911 զբոսաշրջիկ , 2 094 ԱՄՆ քաղաքացի, 2 018 Ուկրաինայի քաղաքացի, 1 185 Ֆրանսիայի քաղաքացի, 731 Բելառուսի քաղաքացի, 578 Գերմանիայի քաղաքացի: Ոչ փոքր թվերով ժամանել են նաև Բելգիայի քաղաքացիներ, Արաբական Միացյալ Էմիությունների քաղաքացիներ, լիբանանցիներ, Իտալիայի, Իսպանիայի քաղաքացիներ: 

Չնայած կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով զբոսաշրջիկների թիվը էականորեն նվազել է, սակայն որոշ երկրներից ժամանումների թիվն ավելացել է: Օրինակ, եթե 2020-ի առաջին եռամսյակում Հայաստան էր ժամանել ընդամենը 6 իսլանդացի զբոսաշրջիկ, ապա այս տարի առաջին եռամսյակում՝ 46: 

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանից մեկնած զբոսաշրջիկներին, ապա 2021-ի հունվար-մարտին ՀՀ-ից մեկնել է 44 հազար 574 զբոսաշրջիկ՝ 2020-ի նույն ժամանակի 274 հազար 435-ի համեմատ: 

Հայաստանում, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 2020 թվականին արտակարգ դրությունը և  սահմանափակումները մտցվել էին մարտի 16-ից։ Առաջին երկու ամիսը երկիրն ապրում էր բնականոն հունով և սահմանափակումներ չկային։ 

Նմանատիպ նյութեր