211652_close_icon
views-count2381 դիտում article-date 15:55 30-04-2021

«Քարֆուր»-ը կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում․ Վահան Քերոբյանը հանդիպել է գլխավոր տնօրեն Վաչե Արսենի հետ

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ապրիլի 29-ին հանդիպել է «Մաջիդ Ալ Ֆութաիմ Գրուպ, Քարֆուր Հայաստանի» գլխավոր տնօրեն Վաչե Արսենի հետ՝ քննարկելու նոր ներդումային ծրագիրը, որի մասին ապրիլի 21-ին Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի կազմակերպած «Տնտեսական հեռանկարներ 2021» խորագրով (European Business Association) առցանց հանդիպում-քննարկման ժամանակ հայտնել էր Վաչե Արսենը։

Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Համաձայն «Քարֆուր Հայաստանի» գծագրած չորս տարվա զարգացման պլանի՝ վերջինս կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում՝ առաջին տարվա ընթացքում բացելով 10 «հարմարավետ» ձևաչափի սուպերմարկետ Երևանում։ Երևանի Գյուլբենկյան 30/3 հասցեում արդեն գործում է մեկ նույն ձևաչափի սուպերմարկետ։ Առաջիկա մի քանի տարիների ընթացքում նախատեսվում է ընդլայնել գործունեության շրջանակը և ներկայացվածություն ապահովել նաև Հայաստանի մարզերում։

Վաչե Արսենն ընդգծել է, որ ընդլայնվելու գաղափարը կյանքի է կոչվել վերջին շրջանում երկրում ներդրումային միջավայրի բարելավման նպատակով իրականացվող միջոցառումների շնորհիվ, և վստահություն հայտնել, որ այս նախագծի հաջող իրականացման դեպքում առաջիկայում կիրականացվեն ավելի խոշոր ներդրումային նախագծեր։

Քարֆուր սրահներում առաջարկվող ապրանքների  շուրջ 80%-ի մատակարարումը կազմակերպվում է տվյալ տարածաշրջանից, ինչը մեծ դերակատարում ունի տեղական արտադրողներին, մատակարարներին և տնտեսություններին աջակցելու գործում։ «Քարֆուր Հայաստանը», խրախուսելով հայկական արտադրության ապրանքատեսակների վաճառքը և, ցանկանալով աջակցել տեղական արտադրողին, իր բոլոր սրահներում հայկական արտադրության ապրանքների համար ապահովել է մեծ ցուցադրվածություն և տեսանելիություն։ Սրահում նախկինում ներկայացված թուրքական արտադրության բոլոր ապրանքները փոխարինվել են հայկական և եվրոպական արտադրության ապրանքատեսակներով։

Վահան Քերոբյանը և Վաչե Արսենը քննարկել են «Քարֆուր» սուպերմարկետների արտերկրի ամբողջ ցանցում հայկական արտադրանքի վաճառքի հնարավորությունների հարցը: Վաչե Արսենը նշել է, որ Հայաստանում «Քարֆուրի»  ներկայացվածության ընդլայնումը հնարավորություն կընձեռի վաճառելու հայկական արտադրության ապրանքատեսակները նաև «Քարֆուրի» միջազգային ցանցերում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև շուկայում առկա մի շարք խնդիրներ և հարցեր, մասնավորապես՝ շուկայում հայտնվող ոչ օրիգինալ ապրանքատեսակների հանդեպ հսկողության իրականացմանն առնչվող հարցեր։ Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հստակ քայլեր է իրականացնում այդ խնդրին լուծումներ առաջարկելու ուղղղությամբ։

Նշենք, որ կայուն զարգացման նախագծերին զուգահեռ՝ «Քարֆուր Հայաստանը» նախատեսում է հստակ քայլերով իրականացնել բիզնեսի թվայնացում, մասնավորապես՝ առևտրի առցանց հարթակի ստեղծման և զարգացման միջոցով, որն էլ ավելի հարմարավետ կդարձնի հայ սպառողի գնումներ կատարելու գործընթացը։

Վահան Քերոբյանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել մեր երկրի զարգացմանն ուղղված բոլոր ներդրումային նախաձեռնություններին իր իրավասությունների սահմաններում։ Հանդիպման ավարտին Վահան Քերոբյանը շրջել է սուպերմարկետում և ծանոթացել սրահում ներկայացված հայկական արտադրության ապրանքատեսակներին։

Նմանատիպ նյութեր