211652_close_icon

Քոչարյանն ու Փաշինյանն արդեն «հին» են և իրար բավականին նման․ «Առավոտ»

views-count2217 դիտում article-date 10:32 30-04-2021
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ժամանակին մի դաժան ղեկավար կար, որը թեեւ առանձնապես գրագետ չէր, բայց անվիճելիորեն խելացի. նա պնդում էր, որ կադրերն են որոշում ամեն ինչ: Չգիտեմ, թե որքանով են որոշում, բայց հաստատ կարելի է ասել, դրանք ինչ-որ բանի ցուցիչ են, ինդիկատոր: Այդ առումով հետաքրքիր է հետեւել վերջին երեք տարվա «կադրային էվոլյուցիային»:

Բարձր եմ գնահատում Դավիթ Անանյանի, Մանե Թանդիլյանի, Արտակ Զեյնալյանի, Սմբատ Գոգյանի, Սարհատ Պետրոսյանի, եւս մի քանի հոգու՝ պետությանը ծառայելու ջանքերը: Նրանք բոլորն անկեղծորեն հավատում էին, որ երկրում իրավիճակ է փոխվել եւ իրենց ծառայությամբ կարող են նպաստել, որ փոփոխությունները դառնան անշրջելի: (Խոստովանեմ, որ ես էլ, հեղափոխական էյֆորիան չկիսելով, սկզբնական շրջանում որոշակի հույսեր ունեի): Հետո նրանք տարբեր պատճառներով եւ տարբեր բացատրություններով դուրս են եկել Հայաստանի պետական համակարգից:

Այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք առայսօր պահպանել են իրենց պաշտոնները, առավել եւս նրանք, ովքեր ստանձնել են դրանք պարտությունից հետո՝ այդ մարդկանց ձգտումներն իմ մեջ նույն միանշանակ վերաբերմունքը չեն առաջացնում: Վստահ եմ, որ նրանց մեջ չկան անմեղսունակ մարդիկ, որոնք չեն հասկանում, որ պարտված իշխանության մաս կազմելը վարկաբեկիչ է:

Պատգամավորների մեջ նույնպես անմեղսունակներ չկան: Հարգանքի են արժանի նրանք, ովքեր դուրս են եկել «Իմ քայլից» կամ վայր են դրել մանդատները: Կարող եմ հասկանալ նաեւ նրանց, ովքեր մնացել են, բայց գոնե չեն խոսում՝ դրա համար բավարար խիղճ, ամոթ ունեն: Իսկ նրանք, ովքեր մնացել են եւ խոսում են, հոխորտում են, աքլորանում են… դե, եկեք մարդկանց շատ խիստ կդատենք: Համենայնդեպս, երբ նրանք ագրեսիվորեն «ջախջախում» են ընդդիմախոսներին կամ խոսում են իրենց իշխանության ինչ-որ «նվաճումների», «հաջողությունների» մասին եւ չեն կարմրում, դա խոսում է ինձ համար անհասկանալի հոգեկան հատկանիշների մասին:

Պետական պաշտոնյա կամ պատգամավոր լինելը, եթե պայմանավորված չէ անձնական նյութական շահով կամ փառասիրությամբ, պահանջում է որոշակի իդեալիզմ, գումարած դրան՝ մտավորական խավին հատուկ որոշակի սնոբիզմի հաղթահարում:

Հետեւաբար, այն ժամանակ, երբ կձեւավորվի նոր իշխանություն, վերը թվարկած իդեալիստների պահանջը կրկին կառաջանա, եւ եթե ոչ հատկապես նրանք, ապա նրանց նման մարդիկ դարձյալ մաս կկազմեն պետական իշխանության:

Հարց է, իսկ ի՞նչ եմ ես հասկանում ասելով՝ «նոր իշխանություն»: Շատ պարզ՝ իշխանություն, որը չեն ղեկավարի Քոչարյանը կամ Փաշինյանը: Նրանք արդեն «հին» են եւ, իմ կարծիքով, իրար բավականին նման»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր