211652_close_icon
views-count3028 դիտում article-date 18:55 27-04-2021

Ոստիկանությունն արձագանքել է Մարալ Նաջարյանին ՀՀ-ում անձնագիր չտալու վերաբերյալ հրապարակումներին

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն արձագանքել է հրապարակումներին, որոնց համաձայն՝ ադրբեջանական գերությունից վերադարձած լիբանանահայ Մարալ Նաջարյանին Հայաստանում անձնագիր չեն տալիս

 ՀՀ ոստիկանության պարզաբանումը..

«Համացանցում տարածված «Մարալ Նաջարյանին անձնագիր չեն տալիս» վերտառությամբ հրապարակումների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ո՛չ Մարալ Նաջարյանը, ո՛չ էլ նրա կողմից լիազորված որեւէ անձ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն կամ տարածքային ստորաբաժանումներ Մարալ Նաջարյանին նոր անձնագիր տրամադրելու վերաբերյալ գրավոր դիմում չեն ներկայացրել։
Միաժամանակ հարկ է նշել, որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքով եւ ՀՀ կառավարության 25.12.1998 թ. թիվ 821 որոշմամբ հստակ սահմանված է անձնագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից անձամբ դիմելու պահանջ։

Քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում՝ ոստիկանություն, օտարերկրյա պետությունում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ։

Տպագրված անձնագիրը քաղաքացին կարող է ստանալ ինչպես անձամբ, այնպես էլ լիազորված անձի միջոցով։ Լիազորագիրը նոտարական կարգով վավերացում չի պահանջում։

Մարալ Նաջարյանը ՀՀ քաղաքացու նոր անձնագիր ստանալու համար կարող է անձամբ դիմել ինչպես ՀՀ ոստիկանության ԱՎ վարչություն կամ տարածքային ստորաբաժանումներ, այնպես էլ օտարերկրյա պետություններում ՀՀ ցանկացած դիվանագիտական ներկայացուցչություն, այդ թվում՝ Լիբանանի (նստավայրը՝ Բեյրութ) ՀՀ դեսպանություն։

Հորդորում ենք չկատարել ո՛չ հիմնավոր, ո՛չ հավաստի հայտարարություններ եւ անհիմն չշահարկել պատերազմի հետեւանքով զրկանքներ ու կորուստներ կրած մեր հայրենակիցների այս կամ այն խնդիրները՝ ոստիկանության որեւէ ստորաբաժանման աշխատանքը թիրախավորելու եւ ոչ բարենպաստ լույսի ներքո ներկայացնելու համար»։

Մարալ Նաջարյանն ադրբեջանական բանակի կողմից գերեվարվել էր 2020թ. նոյեմբերի 10-ին՝ Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։ Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանը 2020թ. մարտի 10-ին ազատ է արձակվել և տեղափոխվել Լիբանան:

 

Նմանատիպ նյութեր