211652_close_icon

Լիտվայի ԱԳ նախարարը երկրորդեց գերիներին վերադարձնելու անհրաժեշտության վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը

views-count1668 դիտում article-date 15:47 26-04-2021
Լիտվայի Արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը երկրորդեց Եվրոպական միության այն դիրքորոշումը, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո գերեվարված բոլոր անձինք պետք է վերադարձվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լանդսբերգիսը նշեց ՀՀ aրտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Բավականին հստակ դիրքորոշում է ներկայացվել ԵՄ-ի կողմից, որ բոլոր պատանդները, բոլոր գերիները պետք է վերադարձվեն, եթե պլանավորում ենք որևէ փոխվստահությանն ուղղված գործունեություն: Ես, իհարկե, կարող եմ միայն երկրորդել Եվրոպական միության դիրքորոշումը»,- ասաց նախարարը:

Ապրիլի 8-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարել էր, որ գերիների վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։

Նմանատիպ նյութեր