Ավստրալիայի վարչապետն իր ուղերձում չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը. հայ համայնքը բողոքի ակցիաներ կանցկացնի
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին հրապարակած հայտարարության մեջ կրկին խուսափել է ճիշտ բնորոշում տալ պատմական իրադարձություններին: Թեպետ 2011 թվականին, որպես խորհրդարանի անդամ, նա հայտարարել էր, որ Ավստրալիան «պետք է ճանաչի Հայոց ցեղասպանություն», սակայն այս տարի ևս նա հրաժարվել է իր հայտարարության մեջ օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբից, Ավստրալիայի վարչապետի նման քայլի պատճառով երկրում բնակվող հայերը, ասորիներն ու հույները որոշում են կայացրել ապրիլի 24-ին Սիդնեյում և Մելբուրնում «Արդարության երթեր» կազմակերպել:
Ակցիաների մասնակիցները հանդես են գալու կոչով ՝ ուղղված վարչապետին և հորդորելու են խոսել ճշմարտությունը:
«Մեր համայնքների համար անընդունելի է, որ վարչապետը հրաժարվում է ցեղասպանությունը կոչել իր անունով»,- հայտարարել է Ավստրալիայի հայ դառի հանձնախմբի ղեկավար Հայկ Կայսերյանը: