211652_close_icon
views-count2162 դիտում article-date 21:04 20-04-2021

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորները կոչ են արել Լա Լիգայից հեռացնել «Ռեալին», «Բարսելոնային» և «Ատլետիկոյին»

Իսպանիայի Կոնգրեսում այսօր քննարկել են եվրոպական Սուպերլիգայի ստեղծման հարցը:
 
Պատգամավորական խմբակցությունների մեծ մասը դատապարտել է նախաձեռնությունը: Unidas Podemos («Միասին կարող ենք».- իսպ.) դաշինքի ներկայացուցիչ Անտոն Գոմես-Ռեյնոն նախաձեռնել է «Բարսելոնային», «Ռեալին» և «Ատլետիկոյին» Լա Լիգայից հեռացնելու հարցը՝ Սուպերլիգայի ստեղծմանը մասնակցելու համար:
 
Բացի այդ, պատգամավորը դատապարտել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի գործողությունները, որը դարձել էր նոր մրցաշար նախագահ: Գոմես-Ռեյնոն հայտարարել է. «Լավ կլիներ, նա զբաղվեր ֆինանսներով և բիզնեսով: Բայց հեռու մնար սպորտից»:
 
Նույն դաշինքի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ժաումե Ասենսը հայտարարել է, որ այդ նախագիծն «իրականացվել է Ֆլորենտինո Պերեսի կերպարով»: Նա Սուպերլիգան որակել է «էլիտար նախաձեռնություն, որից օգուտ կստանան հզոր ակումբները և վնաս կհասցնի  ավելի թույլ թիմերին»:
 
Mas Pais կուսակցության հիմնադիրներից Ինյիգո Էրեխոնը պահանջել է, որպեսզի կառավարությունը հարցում անի Եվրոհանձնաժողովին: Նրա կարծիքով, անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար, թե արդյոք Սուպերլիգան չի խախտում Իսպանիայում մրցաշարերի անցկացման կանոնները:
 
Նոր մրցաշարի և նրա հիմնադիրների քննադատությանը միացելէ նաև  Bildu կուսակցությունը, որը հանդես է գալիս Բասկերի երկրի անկախության օգտին:
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռեալին», «Բարսային» և «Ատլետիկոյին» չեն հեռացնի իսպանական առաջնությունից, քանի որ Լա Լիգայի կարծիքով, Սուպերլիգան կենսունակ մրցաշար չէ:

Հիշեցնենք, որ եվրոպական 12 թոփ-ակումբներ պաշտոնապես հայտնեցին ֆուտբոլի Սուպերլիգա ստեղծելու մասին մասին:
Սուպերլիգայի հիմնադիրներն են իտալական «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», իսպանական «Բարսելոնան», «Ռեալը», «Աթլետիկոն», անգլիական «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Նախատեսվում է, որ Սուպերլիգան կմեկնարկի օգոստոսին և դրան կմասնակցեն 20 թիմ:

Յուրաքանչյուր մասնակից մեկ մրցաշրջանում կանցկացնի 21-23 հանդիպում:

20 թիմերը կբաժանվեն 2 խմբերի և հանդիպումներ կանցկացնեն տանն ու հյուրընկալվելիս: Խմբերում 1-3-րդ տեղ գրաված թիմերը կնվաճեն քառորդ եզրափակիչի ուղեգիր: 4-րդ և 5-րդ տեղ գրաված ակումբները կվիճարկեն քառորդ եզրափակիչի մյուս 2 ուղեգրերը: Փլեյ-օֆֆը կանցկացվի 2 դիմակայությամբ, իսկ եզրափակիչը՝ մեկ խաղով:

Նմանատիպ նյութեր