211652_close_icon
views-count2040 դիտում article-date 11:17 09-04-2021

Լույս է տեսել «Հայերը և սերբերը» աշխատությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայերը Սերբիայում բնակվել են 17-18-րդ դարերից, երբ այնտեղ են վերաբնակվել մեծ թվով պավլիկյաններ, ապա նաև հայ առաքելականներ ու քաղկեդոնականներ։ Կան տեղեկություններ Բիթոլի (Բիթոլյե) և Օվրիղի փոքրաթիվ հայ համայնքների վերաբերյալ, հիշվում է նաև Արմենոֆոր գյուղը։

Սերբական Վիտովնիցա վանքային համալիրի Սուրբ Հակոբ եկեղեցու (կառուցվել է 1218 թվականին) պատի վրա կան 12-րդ դարի վերջի և 13-րդ դարի սկզբի սերբերեն և հայերեն շինարարական արձանագրություններ։

Հայտնի է, որ սերբ առաջին արքեպիսկոպոս սուրբ Սավան Արևելքում ճանապարհորդելիս եղել է Հայաստանում և շինարար-վարպետներ է հրավիրել սերբական եկեղեցիներ կառուցելու համար:Ըստ սերբական մի ավանդության՝ հայերը, որոնք թուրքական զորքի կազմում մասնակցում էին 1389 թվականի Կոսովոյի ճակատամարտին, չկամենալով կռվել քրիստոնյաների դեմ, թաքնվել են Սոկոբանյա քաղաքին մոտ գտնվող Օզրեն լեռան վրա, որտեղ կառուցել են Յերմենչիչ (Հայկական) վանքը (1392-ին, կանգուն է ցայսօր), և այն տեղի բնակիչների շրջանում հայտնի է որպես Հայկական վանք։ 1430 թվականին Դուբրովնիկ (Խորվաթիա) է ժամանել Հռոմ ուղևորվող հայազգի եպիսկոպոս։13-14-րդ դարերում Դուբրովնիկում կար կիլիկեցի հայ վաճառականների փոքրաթիվ գաղութ։ Սերբիայի՝ օսմանյան տիրապետության աակ անցնելուց հետո աճել է հայերի թիվը առևտրական ճանապարհների վրա գտնվող Նիշ, Պիրոտ, Բելգրադ քաղաքներում։

Առանձին հայ առևտրականներ բնակություն են հաստատել Բոսնիայում և Հերցեգովինայում։ 17-րդ դարերում սկզբին հայեր կային նաև Սկոպլե (Սկոպյե) և Սարաևո (Սարայհո) քաղաքներում։ 1611 թվականին ճանապարհորդ-ուղեգրող Սիմեոն Լեհացին Սկոպլեում հանդիպել է հայ այգեգործների երեք ընտանիքի, իսկ Սարաևոյում՝ չորս հայ վաճառականների։

Սերբիայի հայերի մասին մինչև օրս գրվել են տարրաբնույթ հոդվածներ, ակնարկներ: Բավականին վերջերս Հայաստանի Ազգային գրադարանում հանդիպեցի իմ վաղեմի բարեկամներից, սիրված մտավորականներ բանասեր, հայագետ, կինոգետ, գրող, պատմաբան, բառարանագիր, բանասիրական գիտությունների թեկնածու, հայուհիագետ Արծվի Բախչինյանի և սերբահայ գրող Անուշ Բալայանի հետ, ովքեր պատմեցին մի շատ հետաքրքիր ու յուրօրինակ համատեղ աշխատանքի «Հայերը և սերբերը» աշխատության մասին:

Ի նշան երախտիքի որոշեցի մի հետաքրքիր հարցազրույց պատմել գրքի մասին: Այսպիսով խոսելով աշխատության մասին կարող ենք ասել,որ գիրքը երկլեզու է՝ հայերեն և սերբերեն: Հայերեն գրել է Արծվի Բախչինյանը, ապա Անուշ Բալայանն այն թարգմանել է սերբերեն: Մի առանձին գլուխ սերբերեն գրել է սերբ գրող Լուկա Յոկսիմովիչ Բարբաթը, որը նույնպես Անուշ Բալայանը թարգմանում է հայերեն: Գիրքը հրատարակվել է Սերբիայում 2020 թ. «Պեշիչ և որդիներ» հրատարակչությունը: Գրքի սերբերեն և հայերեն մասերը բաժանվում են լուսանկարների ներդիրով, թվով 34: Գիրքն ընդհանուր ունի 302 էջ:Մի քանի խոսքով ներկայացնեմ հեղինակների մասին:

Արծվի Հենրիկի Բախչինյանը հայագետ է, պատմաբանասեր, սփյուռքագետ, գրող և թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու: Ծնվել է 1971 թ. Երևանում: 1988–1993 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում:1996–1997 թթ. որպես հրավիրված հետազոտող աշխատել է Ուփսալայի (Շվեդիա) համալսարանի աֆրոասիական լեզուների ինստիտուտում:2009-ից աշխատում է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի պատմության ինստիտուտի հայ գաղթավայրերի և սփյուռքի բաժնում:

1989-ից գիտական և հանրային մամուլում լույս է ընծայել հարյուրավոր բանասիրական, սփյուռքագիտական և կինոգիտական բնույթի հոդվածներ՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն:Հայ ժողովրդի պատմամշակութային հարաբերությունների մասին պատմող տասնյակ գրքերի հեղինակ է, որոնց թվում՝ «Հայազգի գործիչներ. հնագույն ժամանակներից մինչև այսօր» (2002), «Նապոլեոն Բոնապարտը և հայերը» (2003), «Հայաստան-Սկանդինավիա, պատմամշակութային հարաբերություններ» (2003), «Հայերը համաշխարհային կինոյում (2004), «Շամախեցի պարուհին. Արմեն Օհանյանի կյանքը և ստեղծագործությունը» (2007, համահեղինակ՝ Վարդան Մատթեոսյան), «Հայերը Սկանդինավյան երկրներում. հայ-սկանդինավյան պատմամշակութային կապեր» (2010), «Հայերը համաշխարհային պարարվեստում» (2016), «Հայերը Չինաստանում. հայ-չինական պատմամշակութային կապեր» (2017), «Հայ-ճապոնական պատմական և մշակութային առնչություններ» (2017, 2018) և այլն:Թարգմանում է անգլերենից ու շվեդերենից հայերեն և հայերենից անգլերեն:Լույս ընծայել «Ձնծաղիկները ֆուտբոլի դաշտում» պատմվածքների ժողովածուն (2014), «Այլաստանցի Մուչիկ Հայաստանցի» վեպը (2017), որի համար 2019 թ. ստացել է «Վահան Թեքեյան» մրցանակը: Վեպը թարգմանվել է ռուսերեն և լույս ընծայվել «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում: 2019 թ. լույս է տեսել նրա «Հնազը Ճահճավան քտա-ից» վեպը:Լուկա Յոկսիմովիչ Բարբաթը գրող է, փիլիսոփա, մարդաբան, համակարգչագետ, երաժիշտ և թարգմանիչ:Ծնվել է 1956 թ., Բարբաթովացում, Սերբիա: Ուսանել է փիլիսոփայություն և մարդաբանության մագիստրատուրա Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում:Արվեստի վարպետի կոչում է ձեռք բերել Նյու Յորքի Սոցիալական հետազոտությունների նոր դպրոցում որպես դոկտորանտ:Հումանիտար գիտությունների դոկտորի կոչումը ձեռք է բերել Բոսնիա և Հերցեգովինայի Բրչկոյի վարչական շրջանի Միջազգային համալսարանում: Դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է «Քննադատական մարդաբանության և փիլիսոփայության վերահաստատումը ժամանակակից պայմաններում» թեմայով:Մասնագիտական երաժշտությամբ զբաղվում է 1978–1987 թթ.: 1987–1991 թթ. որպես հետազոտող աշխատակցում է Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ինստիտուտում։1992–2010 թթ. նվիրվել է ինֆորմատիկային. ինժեներների թիմի հետ մշակել է էկրանից կարդացող և ձայնի սինթետիզատոր սերբերենի և այլ լեզուների PC համակարգիչների համար: Ինֆորմատիկայի դասընթացներ է վարում տեսողության խնդիրներ ունեցողների հետ:2010 թ. Սերբիայի գրողների միության անդամ է: Նրա գրական աշխատանքները (պատմվածքներ և բանաստեղծություններ) տպագրվել են գրական ամսագրերում և ժողովածուներում:Հրատարակած գրքերն են՝ «Կրակագույն պատմվածքներ» (2009, թարգմանաբար լույս է տեսել գերմաներեն 2011

թ.), «Խուզած ոչխարների մոտ» վեպը (2013): Բարբաթի որոշ պատմվածքներ լույս են տեսել երկու գերմաներեն ժողովածուներում, իսկ որոշ պատմվածքներ, բանաստեղծություններ և աֆորիզմներ թարգմանվել են սլովեներեն և հայերեն:Զբաղվում է հասարակական-հումանիտար աշխատանքով: «Ակցիա կույրերի համար» կազմակերպության նախագահն է: Անուշ Բալայանը ծնվել է 1965 թվականին Երևանում: Սովորել է «Դավիթ Անհաղթ» Հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ բաժնում: 1995 թվականին տեղափոխվել է Բելգրադ,որտեղ ապրում ու ստեղծագործում է այստեղ`ներկայացնելով հայ մշակույթը սերբ ժողովուրդին,իսկ Սերբիայի`հայերին: Այդ տարիներին բանաստեղծությունները տպագրվել են տարբեր օրաթերթերում: Նույն թվականին մասնակցել է Գրողների միջազգային հանդիպմանը,այնուհետև «Սիրո խոսք» պոեզիայի 3-րդ միջազգային փառատոնին Դեսպոտովացում: «Սերբ գրողները հայրենիքում և սփյուռքում»,ինչպես նաև «Պոետ» գրողների միության անդամ է: Զբաղվում է թարգմանչական գործունեությամբ, մասնավորապես՝ հայերենից սերբերեն ու սերբերենից հայերեն լեզուներով:«Հայերը և սերբերը»գրքի օրինակներից կան ընթերցասեր հասարակության կողմից  սիրված օջախներից մեկում՝  Հայաստանի Ազգային գրադարանում: Գրքի մասին կայացած հարցազրույցը Անուշ Բալայանի հետ ներկայացնում եմ ընթերցողներին:
 
-
Նախ թույլ տվեք շնորհավորել այս հրաշալի առիթով:

-Շատ շնորհակալություն:

Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք գիրքը թարգմանելու ընթացքում:

-Դժվարություններ գրեթե չեն էլ եղել. մենք՝ Արծվի Բախչինյանը, Լուկա Յոկսիմովիչ Բարբաթը և ես, սիրով ենք աշխատել այս գրքի վրա, յուրաքանչյուր տեղեկություն քննել ենք իրար հետ, ճշգրտել: Ներկա պայմաններում մեզ այն արագ իրականացնելու հնարավորությունը տալիս են կապի նորամուծ միջոցները:

–Պատրաստվու՞մ եք գիրքը թարգմանել նաև այլ լեզուներով:

-Այս գիրքն արդեն երկլեզու է՝ հայերեն և սերբերեն: Այլ լեզուներով թարգմանել կարող են ցանկացողները:

–Սերբերենի՞ց եք թարգմանել, թե՞ հակառակը:

-Արծվի Բախչինյանի հայերեն գրված գիրքը թարգմանել եմ սերբերեն, իսկ Լուկա Յոկսիմովիչ Բարբաթի սերբերեն գրված գլուխը՝ հայերեն:

–Խնդրեմ, մի քանի խոսքով ներկայացրեք գիրքը:

–Գրքի վերնագիրն է «Հայերը և սերբերը», իսկ ենթավերնագիրը՝ «Հայերը և սերբերը պատմության քառուղիներում»:Հայագետ, Արծվի Բախչինյանն, իր այս պատմաբանասիրական աշխատությամբ, փորձում է ի մի բերել հայ-սերբական պատմամշակութային կապերի պատմությունը Սերբիայում և նախկին հարավսլավական երկրներում: Այն ընդգրկում է միջնադարից մինչև այսօր ընկած ժամանակահատվածը: Հայ-սերբական գիտամշակութային գործունեություն ծավալած մի քանի անուններ էլ ներկայացված են սերբ գրող Լուկա Յոկսիմովիչ Բարբաթի գրքի հավելվածում:

–Իսկ ի՞նչ ուղերձ ունի գիրքը:

–Գիրք ստեղծելը հայրենավեր գործ է: Այն մոռացությունից կպաշտպանի թե՛ կարևոր իրադարձությունները, թե՛ դեպքերն ու դեմքերը: Այս գիրքը վկայությունն է վաղ ժամանակներից հայերի անհերքելի գոյության մասին Սերբիայի տարածքում: Նրանց թողած նյութական վկայություններն են հայատառ տապանաքարերն ու կառուցած վանքերը, ստեղծագործած երաժշտությունն ու հայագույն կտավները, գրական ժառանգությունը:

–Ովքե՞ր աջակցեցին գրքի ստեղծման ու հրատարակության գործում:

-Գիրքը հրատարակել է «Պեշիչ ի սինովի» հրատարակչությունը, որը հիմնականում զբաղվում է պատմական ճշմարտությունների պահպանման հայրենանվեր գործով: Այնպես որ, հրատարակիչ Վեսնա Պեշիչն ուրախությամբ ընդունեց նաև մեր գրքի հրատարակման առաջարկը:

–Ինչպիսի՞ ընդունելության արժանացավ գիրքը:

–Յուրաքանչյուր գրքի ծնունդ ինքնին արդյունք է տքնաջան աշխատանքի: Ես նկատեցի, որ գիրքը սպառողական ընթացք ստացել է գրախանութներում, չնայած որ դեռևս շնորհանդես չենք կազմակերպել: Իսկ փորձը ցույց է տվել, որ շնորհանդեսների ժամանակ ընթերցողը ավելի է ոգևորվում գիրք ձեռք բերելում:
Գրքի մասին՝ հրատարակչի, համահեղինակի և թարգմանչի մասնակցությամբ երկու հաղորդում է կազմակերպել սերբական ռադիոյի «Կոնտրապունկտ» հաղորդաշարը:

–Ինչպիսի՞ կարգավիճակում են գտնվում Սերբիայի հայերը, արդյո՞ք զբաղվում են հայապահպան գործունեությամբ:

–Սերբիայի հայերը ապրում են ամենօրյա կյանքով, յուրաքանչյուրն ունի իր աշխատանքը, զբաղմունքը: Նրանք բոլորն էլ առանձնահատուկ սեր ու հարգանք են վայելում իրենց շրջապատում և ավելի հեռուներում: Սերբիայի հայությունը, ցավոք, չունի ազգային փոքրամասնության կարգավիճակ:Միջոցառումներ կազմակերպում էինք, գրական-երաժշտական երեկոներ, շնորհանդեսներ, հայ մեծերին նվիրված դասախոսություններ: Դեռևս չի գործում որևէ հայկական դասընթաց կամ դպրոց, թերևս ակնկալում ենք, որ մեր պետությունն էլ ստեղծի հայերենի ամբիոն:

–Ի՞նչ հետաքրքիր դեպք կպատմեք Սերբիայի հայերի կյանքից:

–Հետաքրքիր դեպք. դե՛, կյանքը ամենուր մտել է մի դժգույն փակուղի: Հայ ազգի հետ կատարվածը ցնցեց ողջ գիտակից մարդկությանը, իմ դեպքում՝ սերբ լայն հասարակությանը: Ավելի շատ իմ սերբ բարեկամների հորդորով էր, որ կազմակերպվենք և բողոքի մեր ձայնը բարձրացնենք ի աջակցություն հարձակման ենթարկված հայ ազգի: Անցյալ տարվա հոկտեմբերի 25-ին հավաքվեցինք Բելգրադի սուրբ Սավա տաճարի առջև, որտեղ ելույթներ ունեցանք: Դա մի առանձնահատուկ օր էր: Մարդիկ եկել էին անգամ հեռավոր վայրերից: Այդ օրը ես հանդիպեցի իմ վաղեմի բարեկամներին, որոնց հետ նոր մակարդակի բարձրացրինք մեր առնչությունները, այն է՝ ավելի ակտիվ գործունեությամբ հայ-սերբական մշակութային կապերը մատչելի դարձնենք Սերբիայում:

Գարիկ Ավետիսյան
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր