211652_close_icon
views-count6547 դիտում article-date 23:16 01-04-2021

Մի ակնհայտ իրողության անտեսման ողբերգական հետեւանքները. Լեւոն Տեր–Պետրոսյանը հոդված է հրապարակել

Դժբախտաբար, այսօր էլ քաղաքական գրեթե բոլոր շրջանակների ու պետական մարմինների, մասնավորապես Կառավարության անդամների եւ հատկապես Արտաքին գործերի նախարարության կողմից ակնհայտ հայտարարություններ են հնչում Ղարաբաղի հարցի լուծման հույսը վերստին Մինսկի խմբի հետ կապելու վերաբերյալ: Այս միտումը հղի է մեզ սպասող նորանոր հուսախաբություններով, եթե ոչ՝ ծանր կորուստներով: Այս մասին այսօր՝ ապրիլի 1–ին,  iLur.am–ում հրապարակված հոդվածում գրել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանը։ 

 Նա հիշեցրել է, որ նախկինում բազմիցս է ասել, որ Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում, եւ հրապարակել է այդ առթիվ արված իր հայտարարությունները։

NEWS.am-ը ներկայացնում է Լեւոն Տեր–Պետրոսյանի ամբողջական հոդվածը.
«Իմ ելույթներում, հարցազրույցներում եւ հրապարակումներում ես բազմիցս արտահայտել եմ «Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում» միտքը, որը տարակուսանքով կամ զայրույթով է ընկալվել թե՛ քաղաքական ուժերի, թե՛ փորձագիտական շրջանակների, եւ թե՛ օրվա իշխանությունների կողմից: Հաշվի առնելով խնդրի այժմեականությունը՝ ավելորդ չեմ համարում հիշեցնել ժամանակին այդ առթիվ հրապարակած իմ տեսակետները՝ միաժամանակ ներողություն խնդրելով ընթերցողից ընդարձակ քաղվածքներ կատարելու համար:
***
«Ի տարբերություն Արեւմուտքի, Ռուսաստանի համար Այսրկովկասը եղել եւ մնում է կենսական շահերի ոլորտ, եւ միամտություն է կարծել, թե նա երբեւէ հրաժարվելու է այդ շահերը պաշտպանելու ուղեգծից։ Արեւմուտքի վերը շոշափված պասիվությունը եւս մասամբ բացատրվում է նրանով, որ ինքն էլ, թեկուզ ենթագիտակցո¬րեն, տարածաշրջանը դիտում է որպես Ռուսաստանի ազդեցության գոտի։ Եթե ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ապա առնվազն Եւրոմիության երկրներից շատերն ինչ-որ կերպ համակերպվել են այս մտքին եւ ակնհայտորեն մտադիր չեն ակտիվորեն միջամտելու Այսրկովկասի գործերին։ Սա նշանակում է, որ Ղարաբաղյան հակամարտության, ինչու չէ, նաեւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում։ Հետեւաբար, անկախ իր նախապատվություններից, Հայաստանի ցանկացած իշխանություն կենսական այդ խնդիրների լուծումը պետք է որոնի տվյալ աշխարհաքաղաքական համատեքստում։ Նման վարքագիծը կապված է ո՛չ ցանկությունների, ո՛չ էլ կողմնորոշումների, այլ բացառապես իրականության գիտակցության եւ քաղաքական ռեալիզմի հրամայականի հետ։ Հայաստանի իշխանություններն, իմ տպավորությամբ, առայժմ չեն գիտակցում դա։ Մինչդեռ Թուրքիան եւ Ադրբեջանը, ակնհայտորեն, ավելի ճիշտ են գնահատում իրականությունը, ինչի մասին են վկայում վերջին շրջանում այդ երկրների ակտիվ շփումները Ռուսաստանի հետ։ Մենք, ըստ այդմ, հայտնվել ենք 1920թ. վիճակում, որից, դժբախտաբար, ժամանակին ճիշտ ելք չգտանք։ Այսօր նույն սխալը կրկնելու իրավունք չունենք» (Ելույթ ՀՀՇ 16-րդ համագումարում, 17.07.2010):
***
«Աֆղանստանը, Իսրայելը, Իրանը եւ տնտեսական ճգնաժամը այնպիսի ծանր բեռ են Արեւմուտքի համար, որ նրան Ղարաբաղի եւ ընդհանրապես Այսրկովկասի մասին մտածելու տեղ չեն թողնում։ ... Ի տարբերություն Արեւմուտքի, Ռուսաստանի համար Այսրկովկասը եղել եւ մնում է կենսական շահերի ոլորտ, եւ միամտություն է կարծել, թե նա երբեւէ հրաժարվելու է այդ շահերը պաշտպանելու ուղեգծից։ ... Սա նշանակում է, որ Ղարաբաղյան հակամարտության, ինչու չէ, նաեւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում։ Հետեւաբար, անկախ իր նախապատվություններից, Հայաստանի ցանկացած իշխանություն կենսական այդ խնդիրների լուծումը պետք է որոնի տվյալ աշխարհաքաղաքական համատեքստում։ Անկասկած, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի գործողության ժամկետի երկարաձգումը եւ Ադրբեջանին С-300 հրթիռակայանների վաճառքի վերաբերյալ գործարքը ավելի եւս ամրապնդում են Ռուսաստանի դիրքերն Այսրկովկասում եւ անսահմանորեն մեծացնում նրա դերակատարությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Նշված նորագույն իրադարձությունների լույսի ներքո այլեւս վերջնականապես ակնհայտ է դառնում, որ որքան էլ Ռուսաստանը համաձայն լինի Մինսկի խմբի կողմից մշակված սկզբունքներին ու ծրագրերին, նա ոչ մի դեպքում թույլ չի տալու միջազգային խաղաղարար ուժերի տեղակայումը հակամարտության գոտում, առավել եւս չի հաշտվելու Այսրկովկասում ՆԱՏՕ-ի որեւէ կարգի ներկայության փաստի հետ։ Այս դատողություններն ամենեւին ռուսամետության կամ հակաարեւմտականության արտահայտություն չի կարելի համարել, ինչպես ընկալեցին կամ փորձեցին ներկայացնել ոմանք, այլ ընդամենը իրականության պարզ արձանագրում, որը կապված չէ ո՛չ որեւէ մեկի ցանկության, ո՛չ էլ քաղաքական կողմնորոշման հետ։ Ցավոք, Հայաստանի իշխանություններն, իմ ունեցած տեղեկություններով, փոխանակ ճիշտ եզրակացություններ անելու տվյալ իրականությունից, ջանում են ժամանակավոր օգուտներ քաղել ու ամեն ինչ կապել կողմնորոշումների հետ: ...Չեմ կարող չանդրադառնալ նաեւ քաղաքագետների ուշադրությունից վրիպած հետեւյալ նշանակալից իրադարձությանը, որը երկու շաբաթ առաջ տեղի ունեցավ Բաքվում։ Նկատի ունեմ նախագահներ Մեդվեդեւի եւ Ալիեւի շուրթերից հնչած այն միանշանակ հայտարարությունը, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն այլեւս ստրատեգիական գործընկերներ են։ Թեեւ նման խոսքեր առաջ էլ էին ասվել, բայց առաջին անգամն է, որ դրանց մեջ կոնկրետ բովանդակություն է դրվում։ Այսինքն կատարվեց այն, ինչ ես կանխատեսել էի դեռեւս 1998թ. հունվարի 8-ին ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում ունեցած իմ ելույթում, նշելով մասնավորապես հետեւյալը. «Ես չեմ բացառում, այլեւ ընդհակառակը՝ չափազանց բնական ու հավանական եմ համարում, որ նկատի ունենալով կասպիական նավթի շահագործման եւ նավթամուղերի կառուցման խնդիրները, Ռուսաստանն առաջիկայում լուրջ ջանքեր է գործադրելու Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, եւ այդ դեպքում Հայաստանը կորցնելու է Անդրկովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը կամ ստրատեգիական գործընկերը լինելու առավելությունը» (ԼՏՊ, Ընտրանի, էջ 658)։ Թե Հայաստանի ու Ղարաբաղի համար ինչ հետեւանքներ կարող է ունենալ Ռուսաստանի ու Ադրբեջանի ստրատեգիական գործընկերությունը, կարծում եմ, դժվար չպետք է լինի պատկերացնել։ Այսպիսով, բոլոր նշաններն առկա են եզրակացնելու համար, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նոր՝ ռուս–թուրք–ադրբեջանական ձեւաչափի ձեւավորումը փաստ է դառնում։ Դա չի նշանակում, անշուշտ, որ այն փոխարինելու է գալիս Մինսկի խմբին, որն, իմ կարծիքով շարունակելու է պահպանվել՝ թեկուզ միջազգային ջանքերի համադրման տպավորություն ստեղծելու եւ Արեւմուտքին ավելորդ տեղը չգրգռելու նպատակով։ Մինչդեռ բուն գործընթացները տեղի են ունենալու նոր ձեւաչափում, ինչն էլ նախորդ ելույթում ինձ հիմք էր տվել ներկայիս իրավիճակը համեմատելու 1920 թվականի իրավիճակի հետ։ ... Ողջ հայ ժողովրդի ուշադրությունն այս մտահոգիչ իրավիճակում պետք է կենտրոնացվի Ղարաբաղի ու Հայաստանի գլխին կախված վտանգների վրա, քանի որ, ինչպես 1920 թվականին, մենք կանգնած ենք պարտադրված լուծումների սպառնալիքի առջեւ» (Ելույթ 2010թ. սեպտեմբերի 17-ի հանրահավաքում):
***
Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր