211652_close_icon
views-count2094 դիտում article-date 12:27 10-03-2021

Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ փոխանակել բոլոր բանտարկյալներին. Իրանի կառավարության մամուլի խոսնակ

Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության մամուլի խոսնակ Ալի Ռաբիեին հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ փոխանակել բոլոր բանտարկյալներին, հայտնում է Tehran Times-ը:

Հերթական ճեպազրույցի ընթացքում մամուլի խոսնակը հաստատել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի կողմից՝ բանտարկյալների փոխանակման մասին արդեն հնչած դիրքորոշումը և շեշտել. «Նման բան մինչ այժմ տեղի չի ունեցել, քանի որ ԱՄՆ-ն պատրաստ չի եղել։ Երկու կողմերը կարող են այդ հարցի շուրջ որոշում կայացնել»։

«Աշխարհում կան շատ իրանցիներ, որոնք բանտարկվել են Միացյալ Նահանգների պատվերով: Այս հարցի շուրջ որոշումներ են ընդունվում և միջոցառումներ են ձեռնարկվում, սակայն մենք հավատում ենք, որ, ինչպես նշել է պարոն Զարիֆը, մենք կարող ենք միանգամից բոլոր բանտարկյալների շուրջ բանակցել և միանգամից լուծել խնդիրը»,- նշել է Ռաբիեին:

Անցյալ ամիս Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն հերքել էր ամերիկացի պաշտոնյայի այն պնդումը, թե Թեհրանն ու Վաշինգտոնը սկսել են ուղղակի բանակցություններ վարել ամերիկացի բանտարկյալների հարցի շուրջ և ասելով, որ երկու երկրների միջև որևէ հարցի շուրջ ուղղակի բանակցություններ չեն եղել:

«ԱՄՆ-ում մի շարք իրանցի բանտարկյալներ կան, որոնք կեղծ մեղադրանքներով կալանավորվել են՝ առանց պատշաճ ընթացակարգ անցնելու, և նրանց ազատության ապահովումը միշտ էլ առաջնային խնդիր է եղել Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության համար», - շեշտել է նա:

Խոսնակը, սակայն, հերքել է բանտարկյալների հարցի շուրջ ԱՄՆ նոր վարչակազմի պաշտոնավարման ընթացքում Միացյալ Նահանգների հետ անմիջական շփումները և հավելել, որ այս հարցի շուրջ որոշակի մտքեր ամերիկացի պաշտոնյաների հետ փոխանակվել են Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով, որը երկրում ներկայացնում է ԱՄՆ-ի շահերը:

Նմանատիպ նյութեր