211652_close_icon
views-count10391 դիտում article-date 22:44 06-03-2021

Անդրանիկ Մակարյանից բացի որպես մեղադրյալ է ներգրավվել նաև զորամասի հրամանատարը. Անհետ կորած զինվորի մայրը հարցաքննության ժամանակ փաստեր է ներկայացրել. Փաստինֆո

Արցախյան պատերազմում անհետ կորած Էջմիածնի N քիմիական զորամասի զինծառայողների հարազատները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին, սակայն մտահոգված են շրջանառվող լուրերով առ այն, որ նրան հնարավոր է նշանակեն ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում։ Անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց զավակների մահվան պատասխանատուն Անդրանիկ Մակարյանն է, սակայն, չգիտես ինչու, կարծես թե վերջինս նշանակվելու է ԳՇ պետի պաշտոնում։

«Մարդ չի հասկանում՝ ինչպես է լինում։ Մարդը վրիպումով տանում և զոհաբերում է երեխաներին, բայց նշանակվում է ԳՇ պետի պաշտոնում։ Կապ չունի, թե իրեն ինչ պաշտոն կտան, մենք մինչև վերջ գնալու ենք, հարկ եղած դեպքում ՝ մտնելու ենք իրենց ընտանիքներ, ոչ ոք չի մարսելու։ Այդ խայծը պետք է իրենց կոկորդում մնա՝ մինչև մենք հանենք»,- ասաց նա։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել։ Քննչական կոմիտեն չի մանրամասնում, թե ինչ հոդվածի հատկանիշներով է մեղադրանք առաջադրվել, սակայն այն առնչվում է Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմին։ Նշենք, որ Անդրանիկ Մակարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը բարձրաձայնվել է ամիսներ շարունակ՝ պատերազմում անհետ կորած Էջմիածնի զորամասի զինծառայողների ծնողների կողմից, որոնք հայտարարում էին, որ իրենց որդիները զոհվել կամ անհետ կորել են Անդրանիկ Մակարյանի անփութության հետևանքով։ Նկատենք, որ Անդրանիկ Մակարյանն այն չորս զինվորականներից մեկն է, որը չի միացել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և մյուս զինվորականների հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ավելին, Մակարյանի անունը շոշափվում է նաև ԳՇ պետի պաշտոնի համար հավանական թեկնածուների ցանկում։

Անհետ կորած զինվորներից մեկի մայրը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը հարցաքննվել է սույն գործով՝ տուժողի իրավահաջորդի կարգավիճակով, մանրամասն ներկայացրել է ապացույցները և հայտնել այն անձանց անունները, որոնք կարող են տեղեկություն և փաստեր ունենալ։ Ինչ վերաբերում է քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց, ապա մեր զրուցակցի փոխանցմամբ՝ Անդրանիկ Մակարյանից բացի որպես մեղադրյալ է ներգրավվել նաև զորամասի հրամանատարը՝ Արսեն Աբգարյանը։

«Մինչև մեր փաստերն ամբողջությամբ չլինեն պատկան մարմինների ձեռքում, կարծում եմ, իրենք չեն հարցաքննվի»,- ասաց նա՝ հավելելով, որ ունի ձայնագրություններ, որում արձանագրված է, թե ինչպես է Մակարյանն ասում, որ վրիպում է տեղի ունեցել, որը ևս կցվել է գործին։

Ծնողը հույս հայտնեց, որ նախաքննական մարմինն օբյեկտիվ քննություն կիրականացնի՝ առանց կաշկանդվելու։

«Ես իրենց հարցրել եմ՝ տվյալ կարգավիճակը կարո՞ղ է խանգարել, որ մարդիկ քրեական պատասխանատվության չենթարկվեն, ինձ ասացին՝ ոչ, բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ես էլ ասում եմ, որ եթե նրանք օրենքով պատասխանատվության չենթարկվեն, իրենց պատիժը մենք կտեսնենք»,- ասաց նա։

Հարցին՝ արդյո՞ք հնարավոր է, որ Մակարյանը գործարքի է գնացել իշխանությունների հետ՝ չմիանալով ԳՇ հայտարարությանը, փոխարենը՝ հետագայում խուսափի պատասխանատվությունից, մեր զրուցակիցը նշեց. «Մենք թողել ենք ներկայիս իշխանությունների վրա՝ տեսնենք ինչքանով են իրենք ճիշտ աշխատում, իսկ եթե ճիշտ չաշխատեն, մենք իրենց դատը կտեսնեք։ Ես ինքս էլ ասել եմ, որ, եթե դուք համապատասխան պատիժ չկիրառեք, ուրեմն մենք՝ ծնողներով, իրենց դատավճիռը կտեսնենք»։

Անհետ կորած զինծառայողի մայրը մտահոգություններ ունի նաև կապված ԴՆԹ փորձաքննությունների հետ։ Մասնավորապես, ինչպես արդեն հայտնել ենք, Զանգելանի հատվածում 2020թ դեկտեմբեր ամսին կատարված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են զինծառայողների մարմիններ՝ այրված վիճակում, որոնք թաքցված են եղել հողի տակ։ Մարմինները ենթարկվել են ԴՆԹ փորձաքննության, որոնց եզրակացությունն արդեն պատրաստ է, սակայն հենց այդ եզրակացությունն էլ նոր մտահոգությունների առիթ է դարձել։

«Մարտական գործողությունները եղել են Զանգելանի տարածքում, բերվել է Զանգելանի մասունքները, բայց, չգիտես ինչպես ինչ-որ մի անհետ կորածի ոտքի նույնականացում լինում է Զանգելանից, մյուս ոտքը՝ Ջաբրայիլից։ Այսինքն՝ 150 կմ հեռավորության վրա այդ մարդու ոտքերը գնացել է մեկը մի կողմ, մյուսը՝ մեկ։ Ահա այդպիսի նույնականացումներ են անում։ Մենք այդ կոդերն ունենք մեր ձեռքի տակ, հիմա դեռևս չենք ասի, թե որ կոդի մասին է խոսքը, որ իրենք չվերանայեն և «չտեղավորեն», սպասում ենք, որ այդ մասունքները տան, հետո ինչ պետք է՝ կանենք»,- հայտնեց անհետ կորած զինվորի մայրը։

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ Էջմիածնում բողոքի ակցիա էին իրականացնում քիմիական զորամասի՝ անհետ կորած համարվող զինծառայողների հարազատները. Նրանց տարել էին Զանգելանի ուղղությամբ, որից հետո հարազատները որեւէ տեղեկություն չեն ունեցել իրենց զավակների մասին։

Նմանատիպ նյութեր