211652_close_icon
views-count2635 դիտում article-date 14:17 04-03-2021

ՃՈ ակտերը կարելի է վիճարկել, առանց ներկայանալու դատարան․ Կառավարությունը նոր նախագիծ է առաջարկում

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով նախատեսվում է  գրավոր ընթացակարգ ներդնել մի շարք գործերի քննության համար, դրանք հիմնականում ճանապարհային երթևեկության անվտանգությանն առնչվող վարչական իրավախախտումների վիճարկման են վերաբերում:

«Այն գործերը, որտեղ վեճը հնարավորինս պարզ է, բանավոր քննության կարիք չկա, կարելի է բավարարվել գրավոր քննությամբ»,- ասաց արդարադատության նախարար ռուստամ Բադասյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ ըստ էության, մարդիկ, որոնք վիճարկել են ճանապարհային կանոնների խախտման համար իրենց նկատմամբ կայացված ակտերը, կարող են միայն փոստով ուղարկել հայցը և ներկա չգտնվել նիստին, քանի որ դատական նիստերը կանցկացվեն գրավոր ընթացակարգով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Վարչական դատարանում և Վարչական վերաքննիչ դատարանում գրավոր ընթացակարգի կիրառում նախատեսված չէ, ինչի արդյունքում տվյալ դատարանները գտնվում են գերծանրաբեռնված վիճակում և հնարավոր չի լինում երաշխավորել գործի ողջամիտ ժամկետում քննության սկզբունքը:

Գրավոր ընթացակարգը վարչական դատավարությունում ներդնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նախևառաջ այն հանգամանքով, որ Վարչական դատարանում չափազանց մեծ քանակով վիճարկվում են Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքների վերաբերյալ որոշումները»:

Նմանատիպ նյութեր