1826 դիտում
09:32 17-10-2019
Կարելի է վիճարկել նաև մածունի սպիտակ լինելը․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեկուկես տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն, իհարկե, բոլորի սպասելիքները չէ, որ արդարացրեց: Մարդկանց մեծ մասն ավելի արագ և ավելի արմատական փոփոխություններ էր ակնկալում: Բայց նույնիսկ ամենադժգոհները չեն կարող չընդունել, որ երկրում դրական փոփոխություններ են եղել: Բացառություն են կազմում միայն նախկին իշխանությունները (որոնք հեղափոխության արդյունքում կորցրել են ոչ միայն պաշտոններն ու արտոնյալ պայմաններում գործող բիզնեսները, այլև կարող են կորցնել ազատությունը), նրանց կողմից առատորեն վարձատրվող լրատվամիջոցներն ու «վերլուծական շրջանակները» և, պայմանականորեն ասած, «աբիժնիկները» (նրանք, ովքեր հույս ունեին հեղափոխության արդյունքում բարձր դիրքերի հասնել, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց): Այս խմբերը ոչ միայն չեն ցանկանում որևէ դրական բան տեսնել (դա նրանց իրավունքն է և զուտ մարդկայնորեն ինչ-որ տեղ նույնիսկ հասկանալի է), այլև բացահայտ կեղծիքներով ու մանիպուլյացիաներով բառիս բուն իմաստով թունավորում են հանրային գիտակցությունը:
Ասենք՝ հրապարակվում են Հայաստանի 2019 թ. առաջին ութ ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները, պարզվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի եկամուտներն ավելացել են 21,7 տոկոսով (սա ֆանտաստիկ բարձր ցուցանիշ է), և… հսկայական «խորիմաստ» վերլուծություններ են արվում, որոնց իմաստն այն է, որ դա խայտառակ վատ ցուցանիշ է, վկայում է տնտեսական անկման մասին, և այլն: Հասկանալի է, չէ՞, որ եթե տնտեսական աճը եղել է, ասենք, 6 տոկոս, իսկ բյուջեի եկամուտներն ավելացել են 21 տոկոսով, նշանակում է՝ ստվերն էապես կրճատվել է, և այստեղ վիճելու բան չկա: Բայց՝ չէ. պարզվում է՝ կարելի է վիճարկել նաև մածունի սպիտակ լինելը:
Կամ, ասենք, չնայած նախկին իշխանությունների հսկայական ջանքերին՝ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս դատաիրավական բարեփոխումների նախագծին: Եվ ի՞նչ: Նախկիններն իսկույն շրջանառության մեջ են դնում մի վարկած, ըստ որի՝ դրա դիմաց միջազգային հանրությունը ՀՀ իշխանություններից պահանջել է հանձնել ազատագրված յոթ շրջանները: Այսինքն՝ ստացվում է, որ նույնիսկ դատաիրավական բարեփոխումների իրականացնումն է կործանարար Հայաստանի համար:
Ուրիշ օրինակ բերենք: Աշխարհահռչակ booking.com-ը Երևանն ընդգրկում է 2020 թ. աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ տասնյակում, իսկ նախկինների ձեռքից կերակրվող «մեր» լրատվամիջոցներն իսկույն աղմուկ-աղաղակ են բարձրացնում, թե դա սուտ է, չկա այդպիսի բան, Հայաստանում այդքան հյուրանոց չկա, դա բլեֆ է, և այլն: Ընդ որում՝ ադրբեջանական լրատվամիջոցներից չեն արտագրում (թեև նրանք էլ են ճիշտ նույն կերպ արձագանքում), սեփական նախաձեռնությամբ են «սխալ հանում» booking.com-ին:
Խաղողի մթերումից ենք խոսում, ահռելի ջանքեր ենք գործադրում, որ հայկական կոնյակն ու գինին նորանոր շուկաներ նվաճեն, արտահանման ծավալներն աճեն, և այլն, իսկ սրանք իրենց այսրոպեական շահի համար անհեթեթ վերլուծություններ են անում ու աշխարհով մեկ հայտարարում, թե Հայաստանից մեծ քանակով կեղծ կոնյակ է արտահանվում (պատկերացնո՞ւմ եք, թե ադրբեջանական լրատվամիջոցներն ինչ հաճույքով կարտատպեն այս «վերլուծությունները»): Շվեյցարական Կարմիր խաչն իր ամենամյա միջոցառումը նվիրում է Հայաստանին ու ողջ հասույթը (հարյուր հազարավոր դոլարներ) ուղղում Հայաստանի տարեցների կյանքի բարելավմանը՝ սրանք այդ ամենի մեջ նկատում են միայն այն, որ վարչապետի տիկինն էլ է մասնակցել միջոցառմանը ու նույնիսկ թանկ հյուրանոցում է ապրել: Իսկ թե ինչ միջոցառում էին ու ինչի համար էր արվում՝ այդ մասին ոչ մի խոսք…»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2878 դիտում
14:17 04-03-2021
ՃՈ ակտերը կարելի է վիճարկել, առանց ներկայանալու դատարան․ Կառավարությունը նոր նախագիծ է առաջարկում
4131 դիտում
23:28 09-03-2020
«Կառավարիչ լինելը՝ «իշխան», «փաշա» լինելը չէ». Արցախի նախագահի թեկնածու. Aravot.am
3828 դիտում
16:29 22-06-2015
Կասեցվել է «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ի պաստերացված կաթի և մածունի արտադրությունը
Այս բաժնից
928 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
871 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»