211652_close_icon
views-count2738 դիտում article-date 23:42 18-02-2021

Իշխանությունը մեզ ժամանակին հաղթանակ պարգևած մարդկանց անվանարկեց, փոխարենը պատերազմի օրերին ստեղծեց կուսակցության անձնական օգտագործման ջոկատներ. Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Հոգով պարտություն կրելն ամենավատ բանն է, պետք է որպես ինքնիշխան երկրի խորհրդարան՝ միասնական խոսք ասենք, այդ պատճառով մի քանի անկախ պատգամավորներով որոշել ենք հայտարարության նախագիծ մշակել, որով դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիան, մինչդեռ մեր իշխանական գործընկերները, չգիտես ինչու, ինչ-որ մտավախություններ ունեն այդ հարցում: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Իմքայլական օրենսդիրների շատ հայտարարություններ Ադրբեջանը կարող է օգտագործել մեր դեմ: Արցախն էր Հայաստանի անվտանգության երաշխավորը, ոչ թե հակառակը, չգնահատել դա՝ նշանակում է հայրենիքի մասին առնվազն թյուր պատկերացում ունենալ: Մենք չափից ավելի ներողամիտ ենք Ադրբեջանի նկատմամբ, այո՛, հարևանների հետ պետք է հարևանություն անել, եթե նա հարևանի նման է: Հայաստանից զրո արձագանքը ինձ վախեցնում է: Հայաստանի քաղաքացին միայնակ է ադրբեջանական զինուժի դեմ, և եթե հայտարարությունը եռակողմ էր, ո՞ւր է երրորդ կողմը, ավելին՝ երբեմն երկրորդ կողմն էլ չկա»,- ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Թովմասյանի՝ երբ ինքը խոսել է Մանվել Գրիգորյանի հանդեպ ապօրինությունների մասին, ասել, որ նրան կալանքի տակ պահելու որևէ իրավական հիմք չկա, կուսակիցները դատապարտել են իրեն. «Ես չեմ ուզում պատասխանատվություն կրել մի բանի համար, որից տեղյակ չեմ, ես չունեմ դրա բացատրությունն ու հիմնավորումը: Մենք անտեղյակ ենք եղել պատերազմի հանգամանքներից: Ինձ մի բարձրաստիճան ուժային զանգեց ու հարցրեց՝ դուք խմբակցությունում տեղյա՞կ եք, թե ՌԴ-ն մեզ ինչ է առաջարկում, դուք պետք է հետաքրքրվեք: Չհասցրինք, այդ գիշեր փաստաթուղթը ստորագրվեց, առանց մեկ կրակոցի մենք Քարվաճառը հանձնեցինք թշնամուն»:

Անկախ պատգամավորի կարծիքով՝ բանակցությունները ճկուն տանելու արդյունքում կարելի էր պատերազմից նվազագույն կորուստներով դուրս գալ, գոնե գերիների փոխանակման ժամանակացույց սահմանել. «Չկար որևէ մեկը, որ մեզ՝ պատգամավորներիս, տեղեկացներ, թե ինչ է կատարվում երկրում: Մենք զրո դերակատարություն ունեինք՝ իբրև քաղաքական իշխանության ներկայացուցիչ: ԳՇ պետի նամակից հետո ինձ համար պարզ էր, թե ինչպես են կայացվել որոշումները, չէ՞ որ նա ամեն գնով խնդրում էր կանգնեցնել պատերազմը: Մենք պետք է իրատես լինեինք, նույնիսկ միայն ադրբեջանական բանակին չէինք կարող հաղթել»:

Թագուհի Թովմասյանի պնդմամբ՝ իշխանությունը պետք է հիմնավորի, թե ինչ հույսով էր հայտարարում «նոր պատերազմ, նոր տարածքներ».

«Մեր բանակը նույնիսկ ամբողջ ծավալով ներգրավված չի եղել պատերազմում: Հպարտ էինք մեր բանակով, բայց ստեղծվեցին կուսակցական, քաղաքական գործիչների անձնական օգտագործման ջոկատներ: Հայաստանին հաղթանակ պարգևած մարդկանց անվանարկելը մեզ լավ տեղ չէր տանելու: Պատերազմը կառավարվել է անշնորհքաբար՝ միանձնյա և ամբարտավան որոշումներով: Այս իշխանությունը ձախողել է և պետք է գնա կամ առնվազն նոր քննություն պետք է հանձնի»,- ամփոփել է Թագուհի Թովմասյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր