211652_close_icon
views-count61583 դիտում article-date 01:41 11-02-2021

Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Արցախյան մերօրյա պատերազմում վիրավորված զինվորներ ստեփանակերտցի ՎԱԴԻՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ եւ արթիկցի ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ մկրտության արարողությունը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ . iravunk.com

Երջանկության ակնթարթներ, անասելի տխրությամբ պարուրված՝ ուրախության արցունքներ… Հենց այսպես Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր տեղի ունեցավ Արցախյան մերօրյա պատերազմում վիրավորված զինվորներ ստեփանակերտցի ՎԱԴԻՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ եւ արթիկցի ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ մկրտության արարողությունը:

Հոգեւոր արարողակարգն անցկացրեց Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Արժանապատիվ ՏԵՐ ԵՍԱՅԻ քահանա ԱՐԹԵՆՅԱՆԸ: Իսկ կնքահոր պարտականությունը ստանձնեց հասարակական գործիչ ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ:

«ՈՒԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ՇՈՒՏ ԼԱՎԱՆԱ ԵՎ ԱՌԱՋՎԱ ՊԵՍ ՔՈՉԱՐԻ ՊԱՐԻ»

«Մեզ համար շատ հարազատ մարդ է, եւ ես ու Արթուրը որոշեցինք, որ հենց Մամիկոնին պետք է ընտրենք քավոր, ինքն էլ չհրաժարվեց», - «Իրավունքի» հետ զրույցում ասաց ՎԱԴԻՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, որը ոտքի վիրավորումը ստացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում՝ ռազմական գործողությունների ժամանակ: 4 ամիս հոսպիտալում բուժում անցած զինվորն այսօր առողջությունից չի բողոքում, համարում է, որ բավականին առողջացել է: Իսկ ինչ վերաբերում է լիարժեք քրիստոնյա դառնալուն՝ անկեղծացավ. «Անբացատրելի զգացողություն է»:

Վադիմի քույրը՝  ԷՄՄԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ, անդրադառնալով եղբորը՝ նախեւառաջ ասաց, որ հպարտ է նրանով. «Եղբորս բուժումը շարունակվում է, հիմա ապաքինման փուլում է, վերքերը փակվել են, մնում է ոսկորն աճի, որ լիարժեք քայլի: Ուզում եմ, որ շուտ լավանա եւ առաջվա պես քոչարի պարի»:

Էմման ասաց, որ մկրտվելու որոշումը Վադիմն ինքնուրույն է կայացրել՝ այսօր արդեն իր կնքահայրը դարձած Մամիկոնի հետ միասին. «Շնորհակալություն Մամիկոնին՝ մկրտության արարողությունը կազմակերպելու համար: Մաղթում եմ նրան քաջառողջություն եւ հաջողություններ: Ցանկանում եմ, որ մեր սերունդն այլեւս պատերազմ չտեսնի, ապրենք խաղաղ երկնքի տակ»:

«ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԱՍՏԾՈՒՆ, ՈՐ ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿԻ ՊԵՍ ՈՐԴՈՒՍ ՀԱՍՑՐԵՑ ԻՆՁ»

«Արտասովոր, հաճելի եւ ուրախ զգացողություն է»,- մկրտությունից հետո այսպես բնորոշեց իր հոգեվիճակը՝ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ, որը ձեռքից վիրավորում է ստացել Մեխակավանի թեժ մարտերի ժամանակ: Այսօր իր առողջական վիճակը նորմալ է համարում: Ըստ նրա, վերականգնվելը ժամանակի հարց է, իսկ ցանկությունը մեկն է. «Թող բոլոր վիրավոր զինվորները շուտ առողջանան, իսկ անհետ կորածները հասնեն իրենց տանեցիներին»:

Թե ինչու հենց Մամիկոն Խուրշուդյանին ընտրեց կնքահայր, «Իրավունքի» հետ զրույցում Արթուրը մանրամասնեց. «Պատերազմի օրերին միշտ մեր կողքին է եղել՝ ամեն օր, ամեն ժամ: Այդպիսի օր չի եղել, որ չգա հոսպիտալ, միշտ մեզ աջակցել է, բոլորիս խնդիրները քննարկել եւ լուծումներ գտել: Դրա համար էլ որոշեցինք, որ ինքը լինի մեր քավորը, ինչը ճիշտ որոշում էր»:

Անդրադառնալով որդու առողջական վիճակին՝ Արթուրի մայրը՝ տիկին ՆԱՐԻՆԵ ԱՂՈՅԱՆԸ, փառք է տալիս Աստծուն. «Աստծո շնորհիվ լավ է, տեսնենք, թե ինչպես կլինի հետագայում: Ամենաշատը շնորհակալ եմ Աստծուն, որ պահապան հրեշտակի պես բերեց եւ որդուս հասցրեց ինձ: Հիմա շատ երջանիկ եմ, շա՜տ… Թող բոլոր զինվորներն առողջ լինեն ու վերադառնան իրենց տուն»:

Ինչ վերաբերում է որդուն մկրտելուն՝ տիկին Նարինեն հավելեց. «Կցանկանամ, որ բոլոր մայրերն էլ նույն զգացողությունն ունենան, ինչ ես եմ զգում այս պահին: Շատ շնորհակալ եմ Մամիկոն Խուրշուդյանին: Նա յուրահատուկ անձնավորություն է: Թող Աստված իրեն միշտ պահապան լինի, որովհետեւ միշտ զինվորների կողքին է եւ մեր երեխաների նկատմամբ այսպիսի վերաբերմունք է ցուցաբերում»:

«ԱՄԵՆԱՄԵԾ ՆՎԵՐԸ ԵՎՍ ԵՐԿՈՒ ԲԱՐԵԿԱՄՈՎ ԿՅԱՆՔՍ ՀԱՐՍՏԱՑՆԵԼՆ Է, ԵՎՍ ԵՐԿՈՒ ՄԱՐԴՈՎ՝ ԿՅԱՆՔՍ ԱՎԵԼԻ ԻՄԱՍՏԱՎՈՐԵԼԸ»

Վիրավոր զինվորների կնքահայրը դարձած հասարակական գործիչ ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ դժվարությամբ էր թաքցնում արցունքները: Նա խորանի առաջ ոչ միայն իր սանիկների համար խնդրեց «Հույս, հավատ, սեր եւ մկրտություն», այլեւ մեզ հետ զրույցում խոստացավ. «Վադիմը եւ Արթուրն այսօր դարձան ինձ համար հարազատ բարեկամներ, որոնց համար ոչինչ չեմ խնայի: Տղաները երկուսն էլ դեռեւս կազդուրման փուլում են եւ այսօր, ցավոք, վերջնական չեն առողջացել...»:

Թե ինչու հենց Վադիմն ու Արթուրը դարձան Մամիկոն Խուրշուդյանի սանիկները, կնքահայրը պարզաբանեց. «Պատերազմի առաջին օրվանից մինչեւ օրս գրեթե ամեն օր այցելել եմ հոսպիտալ: Տեղյակ եմ եղել ինչպես նրանց, այնպես էլ շատ տղաների առողջական խնդիրներից՝ սոցիալական, ընտանեկան կարգավիճակից: Այդ առումով՝ այնքան էինք մտերմացել, որ հասունացավ պահը եւ որոշեցինք արդեն դառնալ բարեկամներ: Անկեղծ ասած, շատերն էին ցանկանում, որ իրենց կնքահայրը դառնամ, բայց Վադիմի եւ Արթուրի հետ այս գաղափարը միս ու արյուն ստացավ»:

Ի դեպ, մկրտության օրը պատահական ընտրված չէր, ինչի մասին էլ հետաքրքրվեցինք Խուրշուդյանից. «Մտածում էինք, թե որ օրը պետք է կնքենք եւ քանի որ մոտենում էր իմ տարեդարձի օրը, որոշեցինք հենց այսօր իրականացնել արարողությունը: Ինձ համար կարծում եմ՝ ամենամեծ նվերը եւս երկու բարեկամով կյանքս հարստացնելն է, եւս երկու մարդով կյանքս ավելի իմաստավորելը»:

«Իրավունքի» այն հարցին, թե ինչու, այնուամենայնիվ, լիարժեք ուրախ չէ, երբ այսօր, փաստորեն, կրկնակի տոն է իր համար, մեր զրուցակիցն ասաց. «Լիարժեք ուրախությունս կլինի այն ժամանակ, երբ լիարժեք խաղաղության հասնենք, իսկ մեր վիրավոր տղաներին լիարժեք առողջ տեսնեմ: Ցավոք, այս տղաներից շատերին լիարժեք առողջ չենք տեսնի…»:

Այն, ինչի մասին լռեց արցախյան առաջին պատերազմում զոհված մարտական հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի տեղակալ ԱՇՈՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ որդին՝ Մամիկոն Խուրշուդյանը, բացահայտեցինք քրոջից՝ ՀԵՂԻՆԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻՑ:

«Այսօր կյանքիս ամենատխուր եւ ամենաուրախ օրերից մեկն է… 1994 թվականին հիշում եմ, թե ինչ ոգեւորությամբ եւ ուրախությամբ էինք պատրաստվում այս օրվան… Հայրս մեկնեց հերթական առաջադրանքը կատարելու։ Երբ իմացանք մեկնում է սահման, շատ տխրեցինք, բայց ինքը բարձր տրամադրությամբ եւ շատ ուրախ ասաց, որ ինչ էլ լինի ամսի 10-ին հետ է գալու եւ ամբողջ աշխարհին հավաքի գլխին։ Ասում էր՝ տղուս ծնունդն ա, աշխարհը պիտի իմանա, ծանոթ-անծանոթ հավաքելու եմ կողքս այդ օրը։ Ամսի 3-ին տեղեկացանք, որ հայրս ծանր վիրավովել է եւ Գորիսի հիվանդանոցից ուղղաթիռով տեղափոխում են Երեւան։ Ապրումներս չեմ ուզում նկարագրելԿարծում եմ՝ հայրս գիտեր, որ վերքերը չեն բուժվի, վիրավորումը մահացու է, բայց պայքարում էր, պայքարում էր ոչ թե ապաքինվելու, այլ մինչեւ ամսի 10 ապրելու համար։ Ապրեց, գիտակցության եկավ, ուրախ բղավոցով լցրեց հիվանդասենյակը, հայտարարեց` տղայի ծնունդն է, զարմացավ, որ այդ օրը մորս եփած տոլմայի հոտը չէր գալիս։ Տոլման պատրաստեցինք, շատ ախորժակով կերավ, խմեց, թվում էր՝ ամեն ինչ հրաշալի է, բայց… Անբուժելի էին ականից ստացած հորս վերքերը, պարզապես նա ապրեց մինչեւ ամսի 10-ը… Մահացավ փետրվարի 10-ին` եղբորս ծննդյան օրը, թողնելով եղբորս իր չապրած տարիները, իր կիսատ թողած գործերը։ Իր ստացած վերքերից հոսող արյունը ծծվեց հայոց հողի մեջ` մեզ հավերժ ստիպելով պայքարել հանուն հայրենիքի ամեն մի թիզ հողի համար», - պատմում է Հեղինեն եւ եղբորը մաղթում. «Մամիկոն, դու պարտավոր ես շա՜տ երկար ապրել, դու գիտես, թե որն է քո առաքելությունն այս կյանքում եւ կատարում ես այն անթերի։ Թող քո բոլոր երազանքները կատարվեն, մեծ երջանկություն, անսահման սեր եմ ցանկանում քեզ, նորանոր հաջողությունների հասնես եւ խրոխտ քայլերով միշտ շարժվես առաջ»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Նյութը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 288+
288+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր