211652_close_icon
views-count2692 դիտում article-date 13:00 04-02-2021

ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան զորահավաքային զինծառայության մեջ գտնվողին զորամասեր չուղարկելու համար նրա ծնողներից պահանջել ու ստացել է 2.500 դոլար կաշառք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված պայքարի՝ օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության՝ կոչումով գնդապետ բարձրաստիճան պաշտոնատար անձը, ունենալով ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների նկատմամբ վերահսկողություն և ստուգումներ իրականացնելու գործառույթ, պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով՝ ժամկետային զինվորական ծառայող Դ.Հ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ առանց բավարար հիմքերի նույն զորամասի մեկ այլ ստորաբաժանում տեղափոխելու համար, 2020 թվականի սեպտեմբերի 13-ին վերջինիս մորից անձամբ պահանջել է խոշոր չափերի՝ 975.340 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար գումար կաշառք, որից 490.000 ՀՀ դրամ գումարը ստացել է հաջորդ օրը ՝ «Աջարաբեթ» կայքի իր օգտահաշվին փոխանցման եղանակով: Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պարագայում հայտարարված զորահավաքի պայմաններում զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված և ՀՀ տարածքում տեղակայված զորամասերից մեկում նախնական զինվորական պատրաստություն անցնող զորահավաքային զինվորական ծառայության մեջ գտնվող Յ.Տ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ առանց բավարար հիմքերի ռազմական գործողությունների կատարման վայրերում տեղակայված զորամասեր ծառայության չուղարկելու համար, 2020 թվականի նոյեմբերի 7-ին միջնորդի միջոցով Յ.Տ.-ի ծնողներից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.234.350 ՀՀ դրամին համարժեք 2.500 ԱՄՆ դոլար գումար կաշառք, որից 987.470 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար գումարը ստացել է նույն օրը: Նույն անձը, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում Մ.Գ.-ի որդուն՝ Ռ. Կ.-ին, ցանկալի վայրում ծառայության նշանակումը կազմակերպելու համար, պաշտոնեական դիրքն օգտագործելով միջնորդել է համապատասխան պաշտոնատար անձին՝ Ռ.Կ-ի օգտին նպաստելու այդ հարցի կարգավորմանը, որի դիմաց պաշտոնատար անձը 2020 թվականի դեկտեմբերի 17-ին պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 5.244.200 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար կաշառքի գումար: Այդ կապակցությամբ կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնություն գալուն նպաստելուց հետո պաշտոնատար անձը ստացել է կաշառքի գումարը: Հիշյալ պաշտոնատար անձն իր պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով՝ մեկ այլ ժամկետային զինվորական ծառայող Վ. Հ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ առանց բավարար հիմքերի մեկ այլ զորամաս տեղափոխելու համար 2021 թվականի հունվարի 6-ին վերջինիս հորից անձամբ պահանջել է խոշոր չափերի՝ 1.000.000 ՀՀ դրամ գումար կաշառք, որը 2021 թվականի հունվարի 7-ին և 8-ին համապատասխանաբար 350.000 ՀՀ դրամ և 650.000 ՀՀ դրամ չափով կրկին ստացել է «Աջարաբեթ» կայքի իր օգտահաշվին փոխանցման եղանակով: Նշված անձի գործողությունները չեն սահմանափակվել միայն ժամկետային և զորահավաքային զինծառայողների օգտին գործողություններ կատարելու համար կաշառք ստանալով. վերջինս պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով՝ Հ.Ա.-ի օգտին գործողության, այն է՝ զինվորական հոսպիտալում աշխատանքի ընդունելու հարցն իր ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով լուծելու, ինչպես նաև նրան սպայական կոչում շնորհելուն նպաստելու համար անձամբ պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.389.850 ՀՀ դրամ կաշառք: Միևնույն ժամանակ նախաքննական մարմնի տրամադրության տակ կան բավարար փաստական տվյալներ, որ բացի կաշառք ստանալու՝ վերը նշված դեպքերից առկա են նաև նույն բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման այլ դեպքեր: Մասնավորապես. պաշտոնատար անձը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պարագայում, անձնական շահագրգռվածությունից ելնելով, Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում տեղակայված զինվորական հոսպիտալում գտնվող իր ծանոթ զորահավաքային զինծառայողին Երևան վերադարձնելու նպատակով, իր պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով, անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը, 2020 թվականի հոկտեմբերի 22-ին զինծառայողի հրամանատարության միջոցով կազմակերպել է վերջինիս վերադարձը Երևան քաղաք, որն էական վնաս է պատճառել տվյալ զինվորական ստորաբաժանման ծառայության իրականացմանը և դրա առջև դրված խնդիրների կատարման բնականոն ընթացքին, խախտվել է ստորաբաժանման մարտական հաշվարկը, որից հետո պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով՝ նույն զինծառայողի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ վերջինիս հետագա ծառայությունը Սյունիքի մարզում տեղակայված, մարտական ծառայություն չիրականացնող թիկունքային աշխատանքներ կատարելու համար նախատեսված զորամասում կազմակերպելու համար 2020 թվականի հոկտեմբերի 26-ին վերջինիցս անձամբ պահանջել է խոշոր չափերի՝ 300.000 դրամ գումար կաշառք: Այս ամենով հանդերձ, տվյալ անձը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պարագայում, անձնական շահագրգռվածությունից ելնելով, ընկերոջ խնդրանքով, պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով 2020 թվականի հոկտեմբերի 13-ին իրեն ծանոթ սպաների միջոցով կազմակերպել է Արցախում տեղակայված զորամասից զորահավաքային մեկ այլ զինծառայողի վերադարձը Երևան քաղաք, ապա տեղեկանալով, որ տվյալ զորամասում զինծառայողն ընդգրկվել է զորամասն ինքնակամ լքածների ցուցակում՝ 2020 թվականի նոյեմբերի 1-ին միջնորդել է նույն զորամասի սպաներից մեկին, որպեսզի վերջինս չեղարկի զորահավաքային զինծառայողի փախուստը և նրան նշանակի նույն զորամասի թիկունքային համապատասխան ծառայություններում, ինչը կատարվել է: Այնուհետև նա տեղեկանալով իր ծանոթների որդիներին ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից ուղարկված ծանուցագրի և դրա հիմքով նրանց զորահավաքային զինվորական ծառայության կանչելու մասին՝ միջնորդել է համապատասխան պաշտոնատար անձանց նշված զորակոչիկներին հանել զորակոչիկների ցուցակից, որի հետևանքով խաթարվել է ռազմական դրության պարագայում հայտարարված զորահավաքի բնականոն ընթացքը: Ավելին, այդ անձին 2020 թվականի դեկտեմբերի 13-ին դիմել է իր ծանոթը և խնդրել միջոցներ ձեռնարկել, որպեսզի Լուսակերտում տեղակայված զորամասում ժամկետային զինվորական ծառայություն անցնող որդուն չուղարկեն առաջնագիծ: Պաշտոնատար անձը նշված զորամասի սպայից տեղեկանալով, որ նշված զինծառայողին առաջնագիծ տանելու հրաման չկա և նա հաստատապես առաջնագիծ չի տեղափոխվելու, խաբեության եղանակով գումար հափշտակելու նպատակով, նշված հարցն իբր լուծելու և դրա համար կաշառք ստանալու պատրվակով, 2020 թվականի դեկտեմբերի 17-ին պահանջել և ստացել է չգալի չափերի՝ 200.000 ՀՀ դրամ գումար: Քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել նաև նույն պաշտոնատար անձի կողմից ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար տրամադրված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ: Վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա բերման է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարության կոչումով գնդապետ բարձրաստիճան պաշտոնատար անձը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունների մեջ կասկածվող կամ դրա հետ առնչություն ունեցող շուրջ մեկ տասնյակ անձինք, ովքեր ձերբակալվել և հարցաքննվել են կասկածյալի դատավարական կարգավիճակում: Նախաքննության ընթացքում կատարված շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է նաև տարբեր տեսակի ռազմամթերք, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ նյութեր: Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու և արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված խնդիրներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ: Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է անմնացորդ կերպով կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը, ցուցաբերել զինվորական պարտքի զգացողություն, զերծ մնալ տարատեսակ խարդավանքների, այդ թվում՝ կաշառքի միջոցով զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց խուսափելու կամ դրան օժանդակելու անթույլատրելի վարքագիծ դրսևորելուց և միաժամանակ զգուշացնում է, որ հետևողական կերպով շարունակելու է իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ նմանատիպ հանցավոր դրսևորումները բացահայտելու, զինծառայողների համախմբվածության, մարտական պատրաստվածության, զինվորական կարգապահության կամ բանակի մարտունակության վրա բացասաբար ազդեցություն ունեցող անձանց հայտնաբերելու և նրանց նկատմամբ համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ և զգուշացնում է, որ նկարագրված հանցավոր արարքները դասվում են ծանր հանցագործությունների շարքին, որոնց համար նախատեսված է բացառապես ազատազրկման ձևով պատիժներ: [color=#EF2929]Ծանուցում.[/color] ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր