148330 դիտում
19:05 30-01-2021
Խոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում. բախվել են Lexus-ն ու 21 տոննա բենզինով բեռնված ԿԱՄԱԶ-ը. վերջինս կողաշրջվելով, հայտնվել է Արփա գետի մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
Ժամը 11:20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140 կմ հատվածում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 38-ամյա Վարդգես Ղուկասյանի վարած Lexus RX-350 մակնիշի 04 XX 500 համարանիշի և Սյունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Ալբերտ Կարապետյանի վարած ԿԱՄԱԶ-53212 մակնիշի 53 ՏL 303 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուծածներ չկան, իսկ ԿԱՄԱԶ-ը, որը բարձված է եղել վառելիքով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 15 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել Արփա գետի ափամերձ հատվածում:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն, հոսանքազրկել են ավտոմեքենան, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Տեղի ուժերով և հատուկ տեխնիկայի միջոցով վառելիքը տեղափոխվել է մեկ այլ ավտոմեքենա, որից հետո՝ վերամբարձ կռունկի միջոցով ԿԱՄԱԶ-ը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի գոտի:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, հետաքննիչ Հ. Սիրեկանյանը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել «Հարունի կամուրջ» կոչվող հատվածում, ԿԱՄԱԶ-ն էլ բեռնված է եղել 21 տոննա բենզինով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+