Ռուբեն Նազարեթյան. «Ամենակարևորն այն է, որ տղաները պայքարեցին մինչև վերջ»
Ֆուտզալի Եվրոպայի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի Ռուսաստան-Հայաստան (6:0) հանդիպումից հետո ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հետխաղային բրիֆինգի ընթացքում պատասխանեց լրագրողների հարցերին:
-Պարոն Նազարեթյան, պարտվեցիք խոշոր հաշվով, բայց թիմը պայքարեց, նույնիսկ պահեր ստեղծեց: Ո՞րն է թիմի շանսն այս ընտրական փուլում. թիմի երիտասարդ և մարզական առումով չար լինե՞լը:
- Մենք երիտասարդ թիմ ունենք և առաջին քայլերն ենք անում: Մենք դեռ կպայքարենք երկրորդ տեղի համար:
-Դուք խաղում էիք Եվրոպայի ուժեղագույն հավաքականներից մեկի հետ: Այդպիսի խաղերից հետո մտորելու, վերլուծելու շա՞տ առիթ եք ունենում:
- Իհարկե, մենք խաղում էինք, ես կասեի, ոչ թե Եվրոպայի, այլ աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի հետ: Բնականաբար, մենք կդիտենք, կփորձենք վերլուծել և հասկանալ՝ որոնք էին մեր թույլ կողմերն այս խաղում: Հիմա մենք պետք է պատրաստվենք հաջորդ՝ Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպմանը:
-Այդուհանդերձ, բացի մարզական չարությունից, ի՞նչ դրական բաներ տեսաք Ձեր թիմի խաղում այսօր:
- Տղաները պայքարեցին մինչև վերջ, չհանձնվեցին: Դա ամենակարևորն է: Նշանակում է, որ մենք ոգու ուժ ունենք: Մյուս շրջափուլում դեռ կլսեք Հայաստանի հավաքականի մասին: Մենք արդեն բավականին ուժեղ թիմ ունենք: