211652_close_icon
views-count1087 դիտում article-date 09:00 28-01-2021

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին Բանակի օրվա առիթով: Դարերի ընթացքին մեր բոլոր պայքարների բովում հայ զինվորը ցուցաբերել է մեծ արիություն ու անձնվիրում՝ հերոսաբար պաշտպանելով երկիր հայրենին և հարազատ ժողովրդին։ Արցախի պաշտպանության համար մղված պատերազմներում Հայոց բանակի քաջարի զորահրամանատարներն ու զինվորները, որոնց թվում ազգային փոքրամասնությունների խրոխտ զավակներ, նույն խիզախ ոգով հերոսաբար պայքարեցին հանուն հայրենիքի, և շատեր իրենց կյանքը նվիրեցին՝ ի սեր հայրենյաց և ազգի։ Այս տարի Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ցավը մեր հոգում։ Ստեղծված նոր մարտահրավերներին ընդառաջ, հավատում ենք, աշխարհասփյուռ ազգս հայոց առ Աստված ապավինությամբ և մեր անցյալի հաղթանակների ոգով պիտի կերտի նոր հաջողություններ ու ձեռքբերումներ, վերականգնի բարօր ու շեն կյանքը Արցախում և Հայաստանում՝ նաև ի պանծացումն հանուն հայրենյաց զոհված մեր զավակների խնկելի հիշատակի։ Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված՝ հայցելով, որ Իր խնամքի ներքո պահպանի հայրենիքի պաշտպան Մեր սիրեցյալ զավակներին և շնորհի անվտանգ ծառայություն։ Թող Տերն Ամենակալ Իր օրհնությունն ու ողորմությունը տարածի համայն մեր ժողովրդի վրա ի հայրենիս և ի սփյուռս, այսօր և միշտ. ամեն:

Նմանատիպ նյութեր