211652_close_icon
views-count4974 դիտում article-date 15:44 28-01-2016

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը՝ Հայոց բանակի օրվա առթիվ

Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց բանակի օրվա առիթով բերում ենք Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքը մեր ժողովրդին, մեր հաղթական բանակի սպաներին ու զինվորներին: Նորանկախ մեր պետականության ամենաթանկ ու նվիրական ձեռքբերումն է Հայոց բանակի կազմավորումը, որն արդյունքն է քաջարի մեր զավակների պայքարի և առ Հայրենին նվիրումի ու սիրո: Այսօր Հայոց բանակի արիասիրտ մեր զինվորների ու հրամանատարների սխրանքով, երբեմն նաև կյանքի զոհաբերումով, անխաթար ու պաշտպանված են մեր երկրի սահմանները: Հայ զինվորի անվեհեր ոգին քաջալերություն է բաշխում մեր ողջ ժողովրդին՝ առաջնորդելով ամենքիս ամբողջական նվիրումով, նախանձախնդրությամբ ու մինյանց նկատմամբ սիրով ծառայելու մեր հայրենիքին և իրագործելու մեր երկրի պայծառ գալիքի լուսավոր տեսիլքներն ու հույսերը: Միածնաէջ Սուրբ Խորանի առջև աղոթքում ենք, որ Երկնավոր մեր Տերը օրհնի և զորացյալ ու հաղթական պահպանի մեր Հայրենիքի սահմանները հսկող բոլոր զինվորներին ու զորավարներին, այլև խաղաղության մեջ արդյունավորի աստվածասեր մեր ժողովրդի ձեռաց գործերը՝ հանուն անվրդով ու բարեշեն մեր կյանքի: Թող Տիրոջ շնորհը, սերը և խաղաղությունը լինեն ամենքիս հետ այսօր և հավիտյան:

Նմանատիպ նյութեր