211652_close_icon
views-count3848 դիտում article-date 23:38 25-01-2021

Ադրբեջանի կազմում բացառում ենք կարգավիճակ ունենալու հանգամանքը. Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահ (ԱՀ) նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպումների շարք է սկսել երկրի պետական կառավարման համակարգի աշխատակիցների հետ, և այս շրջանակում հունվարի 21-ին հանդիպել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակիցների հետ: Հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը: Այս մասին տեղեկանում ենք [url=https://168.am/2021/01/25/1450683.html]168.am[/url]-ից։ «Ընդհանուր առմամբ ներկայացնում է այն իրավիճակը, որն այսօր կա, ձևավորված օրակարգը, ապագայի հետ կապված անելիքները: Եվ, բնականաբար, նաև պատասխանում է այն հարցերին, որոնք կապված են պատերազմի և հետպատերազմյան շրջանի հետ»,- նշել է նա: Դիտարկմանը՝ խոսակցություններ են գնում, թե Արցախում պատրաստվում են փաստաթուղթ ստորագրել Արցախի կարգավիճակի հետ կապված, Վահրամ Պողոսյանը նշեց, որ վերոնշյալ հանդիպմանը փաստաթղթի մասին խոսք չի եղել: «Նախագահը ոչ թե ասել է՝ փաստաթուղթ կա, այլ, որ ապագայում փաստաթղթի հետ կապված ինչ հարցեր էլ լինեն՝ առաջարկ, քննարկում, մինչև վերջնական որոշում կայացնելը, կրկին հանդիպումներ է անցկացնելու հանրության հետ, լսելու է նրանց կարծիքը, նոր միայն փաստաթղթի հետ կապված որոշումներ է կայացնելու: Սա է եղել ամբողջը»,- մանրամասնեց ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը՝ հավելելով, որ փաստաթուղթ կարող է լինել ոչ միայն կարգավիճակի հետ կապված, այլ Արցախի կողմից ցանկացած հարաբերության կառուցման, որ Արցախի իշխանությունը կարող է ստորագրել: «Միայն կարգավիճակը չէ, տարածքների, համագործակցության ձևաչափի հարցն է: Առհասարակ այս ընթացքում առաջացած բոլոր հարցերի մասին նախագահը բաց և անկեղծ զրույց է ունեցել, և ոչ միայն՝ Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակիցների հետ, այլ այս ընթացքում կազմակերպվող հանդիպումների ժամանակ: Վերջին հաշվով, հետպատերազմական շրջան է, անորոշությունները բավականին շատ են, մանավանդ կառավարման համակարգի աշխատողների համար: Հարցեր կան, որոնք պիտի արագ պարզաբանվեն, որ մարդիկ իմանան իրենց անելիքները, որ կարողանանք առաջ գնալ»,- շեշտեց Վահրամ Պողոսյանը: Հակադարձմանը՝ Արցախում ստեղծված իրավիճակում ինչպե՞ս են պատկերացնում Արցախի կարգավիճակը, Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որտեղ նշում էր՝ «լուրեր են պտտվում, որ պատրաստվում են ստորագրել փաստաթուղթ, ըստ որի՝ Արցախի մնացորդը հանձնվում է Ադրբեջանի կազմ», Արցախի ղեկավարի խոսնակն արձագանքեց. «Ադրբեջանի կազմում բացառում ենք կարգավիճակ ունենալու հանգամանքը»: Միաժամանակ, Վահրամ Պողոսյանը վստահեցրեց, որ չեն հրաժարվել Արցախի անկախության ճանաչման գաղափարից, և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները շարունակելու հնարավարությունները սպառված չեն: Հավելենք, որ ռուսական Regnum հրատարակությունը հրապարակել է հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որում քաղաքագետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրին՝ եզրակացնելով, որ Ստեփանակերտի կարգավիճակի հարցը կարող են լուծել Մոսկվան և Բաքուն՝ առանց Երևանի մասնակցության:

Նմանատիպ նյութեր