211652_close_icon
views-count3217 դիտում article-date 20:08 27-01-2021

Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, մոռացեք այդ մասին. Վահրամ Պողոսյան

«Արցախի իշխանությունն ունի հասարակության լայն աջակցությունը, հետևաբար, Արցախի ապագայի հետ կապված ցանկացած քայլ կամ որոշում, որ կայացնում է նախագահ Արայիկ Հարությունյանը, առաջնորդվում է՝ աչքի առաջ ունենալով Արցախի հասարակության լայն աջակցությունը,- [url=https://www.pastinfo.am/hy/news/2021/01/27/5lrju6ok0/1137134]«Փաստինֆո»[/url]-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով Արայիկ Հարությունյանի՝ առաջիկայում կայացնելիք ծանրագույն որոշումների վերաբերյալ հայտարարությանը: Ըստ որոշ աղբյուրների՝ ծանրագույն որոշումների անվան տակ նախագահ Հարությունյանը նկատի ունի Արցախի կարգավիճակի հարցը, որ կարող է լուծվել ի վնաս արցախահայության պահանջի, այն է՝ Ադրբեջանի կազմում հայտնվելու հեռանկարը։ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակը, սակայն, լրատվամիջոցի հետ զրույցում հերքում է տարածված վարկածը, պնդելով. «Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, մոռացեք այդ մասին: Ծանրագույն որոշումներ ասելով, նախագահն ինչ–որ հատուկ բան նկատի չի ունեցել: Խնդիրը նրանում է, որ Արցախում, հետպատերազմյան իրավիճակում պայմանական Ադրբեջանի հետ կառուցվող ցանկացած հարաբերություն,արդեն իսկ իրենից ծանրագույն որոշում է ենթադրում, ընդ որում, այստեղ կապ չունի, թե խոսքն ինչ տեսակի հարաբերության մասին է»,- ասում է Վահրամ Պողոսյանը: Հիշեցնենք, որ նախօրեին, Արցախում կայացած հանդիպումներից մեկի ընթացքում, նախագահ Արայիկ Հարությունյանը, խոսելով հետպատերազմյան Արցախում դեռևս սպասվելիք զարգացումների մասին, նշել էր, թե փորձություններն ամբողջովին անցյալում չեն, առջևում Արցախում ծանրագույն որոշումներ կայացնելու անհրաժեշտություն կլինի, չմանրամասնելով, սակայն, թե մասնավորապես, ի՞նչ ծանրագույն որոշումների մասին է խոսքը: Նախագահի այս հայտարարությունը տարատեսակ քննարկումների առիթ էր տվել, ընդհուպ մինչև՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ անընդունելի վարկածը, այն է՝ Արցախն ադրբեջանական վերահսկողության տակ հանձնելը:

Նմանատիպ նյութեր