1170 դիտում
16:51 20-01-2021
Վահան Քերոբյանը ծանոթացել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում գիտահետազոտական աշխատանքներին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ փոխնախարար Արման Խոջոյանը հունվարի 20-ին այցելել են Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ բուհում իրականացվող բարեփոխումներին ու գիտահետազոտական աշխատանքներին ծանոթանալու, ինչպես նաեւ ՀԱԱՀ հետ նախարարության համագործակցության ընդլայնման հնարավորությունը քննարկելու նպատակով։
Բուհի ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են ուսումնական եւ փորձարարարական նպատակներով կառուցված հիդրոպանիկ ջերմատանը, «Ի-Վի-Էն գինու ակադեմիայի» լաբորատորիայում, Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական հետազոտական կենտրոնում, ներկա գտնվել Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում ոլորտի մասնագետների համար կազմակերպված դասընթացին։
Այցի շրջանակում պաշտոնյաներին հանգամանորեն ներկայացվել են բուհում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներն ու ներդրված նորագույն տեխնոլոգիաները։
Շրջայցի ընթացքում նախարարն ընդգծել է տնտեսությունը ավելի բարձր՝ գիտելիքահեն մակարդակի հասցնելու կարեւորությունը եւ այդ համատեքստում կարեւորել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական մտքի օգտագործումը տնտեսության ոլորտի զարգացման գործում։
«Ագրարային համալսարանի գիտելիքներն ու տեխնոլոգիաներն այսօր ամենաշատն են համապատասխանում գյուղատնտեսության ոլորտի կարիքներին, եւ մենք փորձելու ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ գիտելիքները հասանելի լինեն հնարավորինս շատ ֆերմերային տնտեսությունների համար», - նշել է Վահան Քերոբյանը:
Համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր հերթին տեղեկացրել է, որ թեեւ 2020 թավականը ծանր մարտահրավերներով լի տարի էր, սակայն Ագրարային համալսարանին հաջողվել է շահագործման հանձնել նոր լսարաններ, նոր լաբորատորիաներ՝ հագեցած նորագույն սարքավորումներով․ «Այդ ամենը նոր նախադրյալներ է ստեղծելու, որպեսզի թե՛ ուսումնական միջավայրն ավելի մրցունակ դարձնենք, թե՛ բարձրակարգ մասնագետներ պատրաստենք ոլորտի համար», - նշել է բուհի ռեկտորը։
Բուհում նախատեսվող առաջիկա նախաձեռնությունների թվում Վարդան Ուռուտյանը, մասնավորապես, առանձնացրել է ագրոխորհրդատվության էլեկտրոնային հարթակի ներդրումը։
Նախարար Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել կատարել ակտիվ միջնորդի դեր պետության եւ Ագրարային համալսարանի միջեւ արդյունավետ գործակցություն ծավալելու համար, որպեսզի համալսարանի գիտական ներուժը լայնորեն կիրառվի երկրի տնտեսության ոլորտում։
Նմանատիպ նյութեր
1638 դիտում
17:14 06-07-2015
Նոր կենտրոն` Հայաստանի ազգային ագրարային համալսարանում
15397 դիտում
20:19 01-03-2017
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ուսանողների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով
Այս բաժնից
370 դիտում
18:35 16-05-2024
ԱԺ-ում հյուրընկալվել է Լեհաստանի Սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխը
424 դիտում
18:23 16-05-2024
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս․ Արման Թաթոյան
415 դիտում
18:10 16-05-2024
ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին