211652_close_icon
views-count1665 դիտում article-date 16:55 19-01-2021

Մեկնարկել են դպրոցների տնօրենների հավաստագրման քննությունները

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հունվարի 15-ից մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննությունները: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, դրանք տեղի կունենան մինչև մարտի 16-ը ներառյալ՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 505 հավակնորդ, որոնցից հավաստագիր ստանալու վերապատրաստումներին մասնակցել է 475-ը: Երկրում առկա համավարակով պայմանավորված՝ ամեն օր քննություններին մասնակցում է առավելագույնը 15-16 հավակնորդ: Հանձնաժողովում ընդգրկված է 7 անդամ. 3-ը՝ ԿԳՄՍ նախարարության, 2-ը՝ գիտական կազմակերպության և 2-ը՝ քաղաքապետարանի կամ մարզպետարանի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը կազմվում է քննությունից առնվազն 24 ժամ առաջ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով: Քննությունները կազմակերպվում են 2 փուլով` գրավոր (թեստային) և բանավոր (հարցազրույց): Նշենք, որ հավաստագիրը տվյալ անձին իրավունք է տալիս հինգ տարի շարունակ ՀՀ տարածքում գործող ցանկացած դպրոցում մասնակցել տնօրենի թափուր տեղի մրցույթին և ընտրվել։ Հավելենք նաև, որ մրցույթի հավակնորդների փաստաթղթերն ընդունվել են մինչ 2020 թ. սեպտեմբերի 27-ը, սակայն ՀՀ-ում պատերազմական դրությամբ պայմանավորված՝ հավաստագրման քննությունների գործընթաց չի կազմակերպվել:

Նմանատիպ նյութեր