Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի արձանագրության վավերացումը հավանության արժանացավ ԱԺ հանձնաժողովի կողմից
ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին հարցին:
[url=https://armenpress.am/arm/news/1039810.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ` հարցը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը:
«Արձանագրությունը հնարավորություն է տալիս երեխայի իրավունքների կոմիտեին` ստանալու հաղորդագրություններ երեխաներից, որոնք վերաբերում են երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով, ինչպես նաև դրա երկու կամընտիր արձանագրություններով, մասնավորապես, «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր արձանագրության և «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրություններով երաշխավորված իրավունքների ապահովմանը»,- ասաց Գրիգորյանը:
Փոխնախարարը հավելեց, որ արձանագրության վավերացմամբ` Հայաստանի Հանրապետությունը ստանձնելու է պարտավորություն` պատշաճ ուշադրություն դարձնել իր իրավազորության ներքո գտնվող անձանց բողոքների վերաբերյալ կոմիտեի տեսակետներին և առաջարկություններին: