211652_close_icon
views-count1219 դիտում article-date 14:05 06-08-2019

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը պայմանավորված է ՀՀ կառավարության հանձնառությամբ․ ԱՆ

Արդարադատության նախարարությունը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի կամ այսպես կոչված Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ թյուրըմբռնումներից մեկին է անդրադարձել՝ պարզաբանելով. «Թյուրընկալում N 1. Կոնվենցիայի վավերացումը պարտադրվում է Եվրոպայի կողմից, դա արվում է ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով: Իրականություն. Կոնվենցիայի վավերացումը պայմանավորված է ՀՀ կառավարության հանձնառությամբ, որը միտված է պաշտպանել կանանց բռնությունից և կանխարգելել, վերացնել կանանց նկատմամբ բռնությունն ու ընտանիքում բռնությունը, նպաստել կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացմանն ու խթանել կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը: ՀՀ կողմից այս հանձնառությունն իր արտահայումն է ստացել կոնվենցիայի ստորագրմամբ, ինչը միջազգային իրավունքում հենց պետության կողմից հանձնառության ստանձնման արտահայտչաձևերից մեկն է՝ հատկապես, երբ հստակ է ստորագրման պահին, որ այդ կոնվենցիան ենթադրում է վավերացում։ Հակառակ դեպքում ստացվում է, որ եթե հայտարարվում է, որ երկիրը ստորագրել է կոնվենցիան՝ չվավերացնելու նպատակով, առնվազն շիտակության և անկեղծության խնդիր կա թե միջազգային հանրության և թե հայ հասարակության նկատմամբ։ Ավելին, կոնվենցիայի վավերացման նպատակահարմարությունը բխում է ՀՀ Սահմանադրությունից։ Կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը հանդիասնում է պետության քաղաքականության հիմնական նպատակներից մեկը, ինչն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածով։ Կոնվենցիայի վավերացման հարցը բազմիցս բարձրացվել է մարդու իրավունքների միջազգային իրավական պաշտպանությամբ զբաղվող կոնվենցիոն մարմինների՝ Հայասատանի վերաբերյալ զեկույցներում: Մասնավորապես, կարելի է հղում անել ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի 2018թ. և 2015թ., Համընդհանուր պարբերական դիտարկման 2015թ., Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի 2017թ., Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոմիտեի 2016., ՄԱԿ-ի երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և երեխաների պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկուցողի 2016թ., ինչպես նաև Հայաստանի վերաբերյալ այլ զեկույցները: Բացի այդ, պետք է հստակ գիտակցել, որ Եվրոպայի Խորհուրդը ոչ թե մեր երկրից դուրս գտնվող ինչ-որ օտար միավոր է, այլ հենց մեր պետության անդամակցությամբ միջազգային կազմակերպություն։ Այսինք ՀՀ-ը դրա գործունեության, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կոնվենցիաների ստեղծման և կատարման վերահսկման մեջ ունի հավասար դերակատարություն այլ եվրոպական երկրների հետ միասին»։

Նմանատիպ նյութեր