211652_close_icon
views-count2685 դիտում article-date 22:14 04-01-2021

Շուռնուխում 12 ընտանիքներ դուրս են եկել իրենց տներից․ բոլորին կտրվի փոխհատուցում․ Սյունիքի փոխմարզպետ

Շուռնուխ գյուղով անցնող Մ2 ավտոմայրուղու ներքևի հատվածում գտնվող 12 տներից 11-ն անցել է Ադրբեջանի հսկողության ներքո, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով 12-րդ տնից ընտանիքը ևս դուրս է եկել: 12 ընտանիքից 9-ն այս պահին տեղավորվել է հենց Շուռնուխում, բոլորին կտրվի փոխհատուցում: [url=https://armenpress.am/arm/news/1039540/]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում Շուռնուխում ստեղծված իրավիճակը պարզաբանեց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը: «11+1 տուն. 11-ն անցել է իրենց, մյուսն էլ ստիպված, շատ մոտ գտնվելով, դուրս է եկել: Այսպիսով փաստացի 12 ընտանիք դուրս է եկել իր տներից: Այդ տները գտնվում են միջպետական Մ2 ավտոմայրուղու արևելյան կամ ներքևի հատվածում»,-ասաց Բաբայանը: 12 տներից դուրս եկածներից մեկը տարեց կին է, այժմ նա տեղափոխվել է Կապան՝ իր աղջկա տուն, մինչև կլուծվի հարցը: Երկու ընտանիք տեղափոխվել է Գորիս՝ իրենց հարազատների տուն: Փոխմարզպետի խոսքով՝ մնացած ընտանիքները տեղավորվել են Շուռնուխում դատարկ տներում: «Երեկ մարզպետի հետ քննարկմանը նրանք խնդրեցին երկու ժամանակավոր տնակ: Մարզպետն իրենց տրամադրեց այդ երկու տնակները: Եվ այս պահին այդ 12 ընտանիքից 9-ը տեղակայվել է գյուղում»,-ասաց Բաբայանը: Նրա վստահեցմամբ՝ պետությունն այդ ընտանիքներին միանշանակ փոխահատուցում տրամադրելու է: Այս փուլում քննարկվում է, որ հենց Շուռնուխում նոր բնակարաններ կառուցվեն և տրամադրվեն այդ բնակիչներին: «Բայց դա պետք է լինի իրենց հետ համատեղ քննարկման արդյունքում»,-նշեց Բաբայանը: Շուռնուխ գյուղում ընդհանուր առմամբ կա 45 ընտանիք: Այսպիսով նրանցից երկուսն այս պահին Գորիսում է, մեկը՝ Կապանում: Փոխմարզպետի խոսքով՝ բոլոր միջոցները ձեռնարկում են, որ նրանք էլ շատ արագ վերադառնան գյուղ, կարծում է, որ շատ մոտ ապագայում այդ հարցը կլուծվի: «Ամեն ինչ պետք է անենք, որ բնակիչները Շուռնուխում իրենց անվտանգ զգան»,- նշեց Բաբայանը:

Նմանատիպ նյութեր