Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. 59 –ամյա վարորդը Niva-ով 180 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է անդունդում. դին հայտնաբերելու համար ոստիկաններն ու փրկարարները մոտ 8 ժամ որոնողական աշխատանքներ են կատարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Այսօր՝ դեկտեմբերի 9-ին,  ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում Շինուհայր գյուղի բնակիչ,  59-ամյա  Սեյրան Վ.-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Շինուհայր գյուղի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 180 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է անդունդում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ժամանել է նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը: 
Ժամանել են նաև  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար  Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: 
Փրկարարներն ու ոստիկանները  մեծ դժվարությամբ են մոտեցել ավտոմեքենային և մոտ 8 ժամ կատարել են որոնողական աշխատանքներ, մինչև հայտնաբերել են վարորդի դին:
 Վթարի մասին  ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: 
Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: 
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

