Արցախի` վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին հյուրընկալողներին համար կտրամադրվի գումար
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման վեցամսյա սոցիալական աջակցության միջոցառումը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց, որ Արցախի քաղաքացիների մի հատված կեցությունը իրականացնում է ՀՀ տարածքում, քանի որ իրենց բնակավայրերը չեն գտնվում հայկական վերահսկողության ներքո և մասնավոր տեղերում են իրենց կեցությունը ապահովում ՀՀ քաղաքացիների հյուրընկալությամբ:
Այսպիսով նախագծով՝ սոցիալական աջակցությունը տրամադրվում է անհատույց՝ յուրաքանչյուր ամիս դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր հյուրընկալված քաղաքացու համար 30 հազար ՀՀ դրամ, եթե հյուրընկալի կացարանը Հայաստանի Հանրապետությունում է, 45 հազար ՀՀ դրամ, եթե հյուրընկալի կացարանը Արցախի Հանրապետությունում է:
Ծախսերի փոխհատուցումը ժամանակավոր վեց ամսով է: Աջակցությունը տրամադրելու համար պետք է դիմել յուրաքանչյուր ամիս՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Մեսրոպ Առաքելյանը ընդգծեց, որ հատկացվող գումարը որպես վարձակալության գումար չի տրամադրվելու և հարկման ենթակա չէ: