211652_close_icon
views-count35906 դիտում article-date 02:02 10-11-2020

Բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով: Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի եւ սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ: Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու եւ անցյալի սխալները չկրկնելու համար: Ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առաջ, ովքեր իրենց կյանքով են պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը: Մենք պայքարեցինք մինչեւ վերջ: Եւ մենք հաղթելու ենք: Արցախը կանգուն է: Կեցցե՛ Հայաստանը: Կեցցե՛ Արցախը»,- նշվում է հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր