Մեր զինվորները պանծալի պայքար են մղում, կարևոր է դիվանագիտորեն ամրագրել դա. Լարիսա Ալավերդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.tert.am/am/news/2020/11/06/alaverdyan/3436558?fbclid=IwAR3x9ZY6kTgjjvCc9ISu4XOBm3y_zRDD0pCm134atBgNHUW8FgSx93br004]Tert.am[/url]-ը գրում է. ՀՀ-ի կողմից Արցախի հարցում ի սկզբանե որդեգրվել է մի մոտեցում, որն առայսօր թույլ չի տալիս հստակեցնել՝ ի՞նչ է իրականում արցախա-ադրբեջանական հակամարտությունը. անգամ մեր ԱԳՆ-ի կայքում Արցախի մասին վերին աստիճանի տրիվիալ, անհասցե, ընդհանրական տեղեկատվություն է ներկայացված: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Մեզ հայտնի երեք սկբունքներն այլևս բավարար չեն հակամարտության կարգավորման համար: Այդ հիմքի վրա է ստեղծվել Արցախի միջազգային ընկալումը, ամրագրվել որոշում կայացնող հարթակներում: Ամբողջ այս ընթացքում միջազգային հանրությունը փորձում էր մեզ համոզել, թե Արցախն Ադրբեջանի մաս է: Եվրոպական կառույցներում միայն ծախու, կոռումպացված անձինք չեն, մենք նրանց հետ աշխատում ենք, բայց դա չի հասնում որոշումների կայացման մակարդակի»,- ասել է նախկին օմբուդսմենը:
Ըստ Ալավերդյանի՝ մենք լավ պատկերացնում ենք, թե ովքեր են խոչընդոտելու տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը, դա երևաց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստում. «Մեզ համար Մեծ Բրիտանիայի վարքը նորություն չէ: Բրիտանացի դիվանագետներից մեկն ինձ մի անգամ ասաց, որ իրենց պետությունը ղեկավարվում է ոչ թե ազգային, այլ «Բրիթիշ պետրոլիումի» շահերով: Անցած դարասկզբից սկսած՝ եվրոպական երկրների այդ մոտեցումները չեն փոխվել: Որևէ բախում չի կարող լուծվել այլ բախումների հետ նմանություններով, բանալին տարբերության մեջ է»:
Իրավապաշտպանի կարծիքով՝ այսօր Արցախի դեմ ցեղասպանական գործողություն է իրականացվում, մենք պետք է հարցը դիտարկենք այդ հարթության մեջ. «ՌԴ նախագահը փորձում է բալանսավորված հայտարարություններ անել, դա ընդամենը քողարկում է այդ պետության անհանգստությունը: Խնդրի կորիզն Արցախի և Հայաստանի դեմ ցեղասպանության շարունակությունն է, Թուրքիան այդ մտքից չի հրաժարվել և ծնել է իր անօրինական որդուն՝ Ադրբեջանին: Մեր պետությունն անցած տասնամյակներում հետևողական չի եղել այս գաղափարն առաջ տանելու: Այդ դեպքում ՄԱԿ-ի լրիվ այլ փաստաթղթեր պիտի կիրառվեին»:
Լարիսա Ալավերդյանի պնդմամբ՝ մենք գիտենք եվրոպական պետությունների դիրքորոշումները, ու եթե չենք կարող դրանք փոխել, հնարավոր է առնվազն վտանգները կանխել, միջնորդների կեղծ լեզուն բացահայտել. «Այսօր բանակցային գործընթաց չկա: Անորոշությունը, որի մեջ է Հայաստանը ճանաչման հարցում, երբեք այս չափի չի եղել: Հայաստանն ինքը չի կողմնորոշվել, մեր բարեկամ երկրները չգիտեն՝ մենք ինչ ենք ուզում»:
Նախկին օմբուդսմենի պնդմամբ՝ մենք ճանաչման վերաբերյալ ավանդաբար ունեցել ենք պարզ մոտեցում՝ կարևորը Արցախի լեգիտիմությունն ու լեգալությունն է, Արցախի կայացման օրինականությունը: «Այսօր բանակից հարյուրապատիկ ավելի մեծ ջանքեր պետք է գործադրեն դիվանագետները: Մեր զինվորները պանծալի պայքար են մղում, կարևոր է դիվանագիտորեն ամրագրել դա»,- ամփոփել է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը:



