211652_close_icon
views-count4839 դիտում article-date 10:27 01-10-2020

Մենք մեր գործն անում ենք, մնացածը՝ թող մտածեն․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ղարաբաղյան հակամարտությունը վաղուց արդեն զուտ հայերի և ադրբեջանցիների խնդիրը չէ՝ Խորհրդային միության փլուզումից հետո կոնֆլիկտը ստացել է միջազգային հնչեղություն, իսկ վերջին տարիներին՝ մոտավորապես «արաբական գարնանից» սկսած, սկսել է ձեռք բերել առանցքային միջազգային նշանակություն: Բացատրությունը պարզ է. ինչպես Սիրիայում, Լիբանանում, Լիբիայում, այդպես էլ այստեղ բախվում են բազմաթիվ խաղացողների շահերը, և ավելին՝ Արցախի հարցում Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը հիշյալ երկրներում Էրդողանի քաղաքականության բաղադրիչներից մեկն է: Ոչ ոք չի կարծում, չէ՞, որ Սիրիայից կամ Լիբիայից Ադրբեջան «ժամանած» մարդիկ ջութակահարներ են կամ գիտաշխատողներ: Բոլոր բաց և, վստահ եմ, «փակ» աղբյուրները վկայում են, որ նրանք Թուրքիայի կողմից հովանավորվող միջազգային ահաբեկիչներ են, որոնք բազմաթիվ հանցագործություններ են կատարել Միջին Արևելքում: Մեր զինվորների համար, իհարկե, առանձնապես, նշանակություն չունի, թե ում են հագցնում ադրբեջանական բանակի համազգեստը՝ եթե մարդը զենքով գալիս է մեր սահմանի կողմը, նա պետք է ոչնչացվի՝ ով էլ լինի: Ինչը և արվում է: Բայց տարածաշրջանում դերակատարություն ունեցող երկրները, կարծում եմ, մտահոգվելու տեղ ունեն: Թուրքամետ ահաբեկիչների հայտնվելը Հարավային Կովկասում վտանգ է ներկայացնում, մասնավորապես, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի համար: (Ի դեպ՝ նաև Ադրբեջանի համար, բայց Իլհամ Ալիևը բավականաչափ մտավոր ունակություններ չունի՝ այդքանը հասկանալու): Պուտինը, դա, իհարկե, հասկանում է, քանի որ իր երկիրը ժամանակին բախվել է նման խնդրի: Այդ մասին է խոսում ՌԴ ԱԳՆ երեկվա հայտարարությունը, որով կոչ էին անում հակամարտության գոտուց հեռացնել վարձկաններին և ահաբեկիչներին: Բայց նման հայտարարությունները քիչ են: Պուտինը կարող է ասել Ալիևին՝ «ստոպ», և Ադրբեջանի ղեկավարն այդ դեպքում դժվար թե ամբողջությամբ ապավինի «մեծ եղբոր» աջակցությանը: Բայց ՌԴ ղեկավարը դա չի անում ոչ թե այն պատճառով, որ չի սիրում Փաշինյանին, կամ՝ որ Հայաստանի դիվանագետները պատրաստ չեն բանակցությունների, ինչպես որ դա երբեմն փորձում են ներկայացնել մեր ընդդիմադիրները: Կրեմլը առայժմ չի փորձում դադարեցնել պատերազմը միայն մի պատճառով. հույս ունի, թե Ադրբեջանը կհասնի վճռական ռազմական հաջողությունների, և մենք ստիպված կլինենք համաձայնել միակողմանի զիջումների և իր խաղաղապահների տեղակայմանը: Ինչպես տեսնում եք, դրանք սին հույսեր են՝ մենք մեր կռիվը տալու ենք և հաղթելու ենք անկախ նրանից՝ միջազգային խաղացողներից ով ինչ է մտածում: Չե՞ն հասկանում իրենց սպառնացող վտանգը՝ իրենց գործն է»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր