211652_close_icon
views-count3633 դիտում article-date 16:05 23-09-2020

Վարչապետը կպարգեւատրի 100-ից ավելի բուժաշխատողի, այդ թվում՝ «Նորք» ինֆեկցիոնի ներկայացուցիչների. խոսնակ

Հարյուր եւ ավելի բուժաշխատողները մոտ օրերս կպարգեւատրվեն վարչապետի հուշամեդալով եւ շնորհակալագրով, պարգեւատրվող բուժաշխատողների թվում են նաեւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը՝ անդրադառնալով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմի բաց նամակին՝ ուղղված վարչապետին եւ նախագահին: Գեւորգյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունից վարչապետի աշխատակազմը ստացել է կորոնավիրուսի դեմ պայքարում ներդրած ջանքերի համար մի շարք բուժաշխատողների պարգեւատրման առաջարկություն։ «12 բուժաշխատողներ ներկայացվել են պետական պարգեւի սեպտեմբերի 21-ին, իսկ 100 եւ ավելի բուժաշխատողները մոտ օրերս կպարգեւատրվեն վարչապետի հուշամեդալով եւ շնորհակալագրով։ Նշեմ, որ պարգեւատրվող բուժաշխատողների թվում են նաեւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչները»,-ասաց խոսնակը: «Նորք ինֆեկցիոն» հիվանդությունների ազգային կենտրոնի անձնակազմը նամակ էր հղել ՀՀ վարչապետին եւ ՀՀ նախագահին։ Աշխատակիցները բաց նամակում իրենց դժգոհությունն էին հայտնել, քանի որ հիվանդանոցի աշխատակիցներից ոչ ոք Անկախության տոնին նվիրված պարգեւատրման արարողության ժամանակ չէր պարգեւատրվել։

Նմանատիպ նյութեր