Ասել են՝ դիմում գրեք, ազատվեք, ավելի վատ ձևով կհանենք․ Նորքի ինֆեկցիոնի աշխատակիցների բողոքի ակցիան՝ ուղիղ
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Նորք մասնաճյուղի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կենտրոնի դիմաց։ Նրանց տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 30-ին ժողով են հրավիրել, անուններ թվարկել ու ազատել աշխատանքից։
«Ինձ դեկտեմբերի 30-ին ասվել է, որ իմ դիմումի համաձայն ազատվեմ աշխատանքից»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրա խոսքով՝ իրենց չեն ասել, թե կտեղավորեն այլ աշխատանքի։ Աշխատակցի խոսքով՝ չի եղել որևէ հիմնավորում, չեն ներկայացրել որևէ աշխատանքային թերացում, որի պատճառով ազատել են աշխատանքից։
Մեկ այլ աշխատակից էլ ասաց, թե իրենց հնարավորություն են տվել աշխատել մինչև հունվարի 15-ը․ «Ես ասացի, որ չեմ ստորագրելու, իրենք էլ պատասխանեցին, որ ավելի վատ ձևով ձեզ կհանենք»:
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն էլ նշեց, թե աշխատանքային թերացումների փոխարեն իրենց աշխատանքից ազատելը պատճառաբանել են լավ ապրելով։ «Ասում են՝ մեկդ մեքենա է քշում, մեկդ «շուբա» ունի, մեկին ասացին՝ դու լավ ես ապրում, մյուսին՝ քեզ տղադ է պահում։ Սրանք պատճառաբանություններ չեն»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե տնօրինության ներկայացուցիչները նշում են, որ շենքը պետք է վերանորոգվի, իսկ աշխատանքից ազատված անձինք կտեղավորվեն այլ աշխատանքի, բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը պնդեց, որ իրենց նման բան չեն ասել։
Այժմ կենտրոնում աշխատակիցների և տնօրինության միջև փակ հանդիպում է կայանում։
Տեսանյութը՝ Tert.am-ի