211652_close_icon
views-count717 դիտում article-date 10:49 16-09-2020

Քաղաքականություն մշակողը մշտապես պարտադրված է ընտրություն կատարել․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երբ 1990-ականների կեսերին կրթության նախարար Աշոտ Բլեյանը որոշել էր, որ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատունը» պետք է ուսումնասիրվի դպրոցի համապատասխան դասարանում որպես հայ գրականության կարևոր երկերից մեկը, բայց այդ գործը չպիտի հիմք դառնա առաջին դասարանից սկսած դպրոցական միջոցառումների համար, Բլեյանի ընդդիմախոսները նախ հայտարարեցին, որ ապազգային նախարարն արգելել է դպրոցում անցնել «Անլռելի զանգակատունը», և դրանից եզրակացրին, որ նա Աթաթուրքից և Աբդուլ Համիդից վատն է: Ճի՞շտ էր նախարարի հրահանգը, թե՞ սխալ՝ տվյալ դեպքում էական չէ: Այդպիսին էր այն ժամանակվա կառավարության գաղափարախոսությունը, որը և թելադրում էր այս կամ այն գործելակերպը: Եթե կառավարությունը լիներ դաշնակցական՝ այդ կուսակցությունը ներկայացնող նախարարը գուցե հրահանգեր, որ բոլոր դպրոցներում դասերից առաջ այրեն թուրքական դրոշը, և այդ հրահանգը նույնպես հասկանալի կլիներ: 90-ականների սկզբին Հրանտ Բագրատյանի կառավարությունը որոշել էր, որ հողը պետք է հանձնել գյուղացիներին, որոնք կարող են որոշեն, թե որ մշակաբույսերն են մշակելու և ինչպես են դրանք վաճառելու: Ոմանք կարծում են, որ դա սխալ ճանապարհ էր, որով Բագրատյանը քանդեց «էս գյոզալական երկիրը»: Եթե իշխանության մնային կոմունիստները, նրանք, շատ հավանական է, կպահպանեին կոլխոզները, և այդ դեպքում Կենտկոմն էր որոշելու, թե որքան բողկ պետք է ցանի յուրաքանչյուր գյուղացին, և ստացած բողկերից որքանն է հասնելու այդ գյուղացուն, իսկ որքանը՝ պետությանը: Թե՛ Բագրատյանի և թե՛ կոմունիստների դեպքում նրանց մոտեցումների գաղափարական հիմքը միանգամայն պարզ է: 1998-2018 թվականներին կառավարությունների հիմնական մոտիվացիան նույնպես հայտնի է՝ հարստանալու հնարավորինս լայն հնարավորություններ ստեղծել չինովնիկների և նրանց «մերձակա» օլիգարխների համար: Դրանք, մեղմ ասած, ազնիվ մղումներ չէին (չնայած երբեմն բերում էին դրական արդյունքների), բայց բոլոր դեպքերում այդ մղումները հասկանալի են: Ներկայիս կառավարությունը դեմ է «իզմերին»՝ այդ բառի դասական իմաստով, բայց դա չի նշանակում, որ այն չի առաջնորդվում ոչ մի գաղափարախոսությամբ. Այս կառավարության գործունեության հիմքում, ինչպես արդեն բազմիցս ասվել է, ընկած է պոպուլիզմը, որի հիմնական առանձնահատկությունն է բոլորին դուր գալու ձգտումը: Բայց, ցավոք, դա հնարավոր չէ: Այս կամ այն ոլորտում քաղաքականություն մշակողը մշտապես պարտադրված է ընտրություն կատարել: Օրինակ, եթե ճիշտ է, որ աղքատությունը մարդկանց ուղեղում է, ապա պետք է փոխել ուղեղները: Իսկ եթե ուղեղում չէ, ուրեմն կառավարությունը պետք է ապահովի իր քաղաքացիների բարեկեցիկ ու երջանիկ կյանքը: Այդ երկու մոտեցումները հնարավոր չէ համատեղել: Հնարավոր չէ հավասարապես դուր գալ և՛ բնապահպաններին և՛ հանքարդյունաբերողներին, ազատականներին և հոմոֆոբերին, «ոչ մի թիզ հող»-ականներին և փոխզիջումներ փնտրողներին, այսպես կոչված «Սասնա ծռերի» համակիրներին և օրինապաշտ քաղաքացիներին: Նման հարցերում ընտրություն կատարելով է միայն կառավարությունը կարողանում որոշել իր առաջնահերթությունները, ասենք, տնտեսության մեջ, կրթական և միջազգային հարաբերությունների ոլորտում: Բայց դա նշանակում է՝ հրաժարվել պոպուլիզմից»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր