211652_close_icon
views-count1224 դիտում article-date 13:30 15-09-2020

«Իմ Քայլը» հիմնադրամը Վանաձորում մաքրապատման միջոցառում է անցկացնելու

«Իմ քայլը» հիմնադրամը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ, Անկախության տոնին ընդառաջ` սեպտեմբերի 19-ին, Վանաձոր համայնքում` Վանաձոր գետի ափամերձ հանգստյան գոտում, «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրի շրջանակներում անցկացնելու է մաքրապատման միջոցառում: Այս մասին հայտնեցին «Իմ քայլը» հիմնադրամից: #մաքրապատում - Հավաքված աղբից պլաստիկը կառանձնացվի և կուղարկվի վերամշակող կազմակերպությանը, իսկ մնացած աղբը կտեղափոխվի աղբավայր։ Միջոցառման ընթացքում համայնքի երիտասարդները կսովորեն, որ անձնական նախաձեռնություն ցուցաբերելով՝ իրենք կարող են զգալի փոփոխություն առաջացնել իրենց համայնքում: Միջոցառումը մասնակիցներին կտա գործնական փորձ` նմանատիպ նախագծեր այլ բնակավայրերում իրականացնելու համար: Մասնակիցները կբաժանվեն մի քանի խմբերի, և մաքրապատման աշխատանքները կիրականացվեն խաղ-մրցույթի ձևաչափով։ Թիմային աշխատանքն այս միջոցառման հաջողության գրավականն է: Հաղթող թիմը կստանա խրախուսական նվերներ, մյուս մասնակիցները նույնպես անմասն չեն մնա՝ կստանան հուշանվերներ: #ճամբարում - Մասնակիցները սեպտեմբերի 19-ին, ժամը 10:30-ից հավաքվում են Վանաձորի «Արմենիա» առողջարանի տարածքում: Մասնակիցները բաժանվելու են չորս խմբերի՝ յուրաքանչյուրն ունենալու է իր ավագը, որը համակարգելու է թիմի աշխատանքները: Ճաշի ընդմիջումից հետո բնապահպանական թեմայով սեմինար կանցկացվի, որի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Կոշտ կենցաղային թափոնների կառավարման բաժնի պետ Սերգեյ Սարուխանյանը կներկայացնի թափոնների կառավարման ոլորտում իրականացվող քաղաքականությունը և պետության տեսլականը։ «Կենաց ծառ» կազմակերպության մասնագետներ Մարիա Անթանոսյանը և Լևոն Հարությունյանը կներկայացնեն թափոնների կառավարման, ինչպես նաև բնական միջավայրի և կենսաբազմազանության վրա աղբի ազդեցության մասին տեղեկություններ։ Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ ձևաթուղթը. shorturl.at/ejlKO Տեղեկություն - Հիմնադրամը տևական ժամանակ է իրականացնում է «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագիրը, որի նպատակն է մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակները փոխարինել բազմակի օգտագործման տոպրակներով՝ հասարակության շրջանում վարքագծային փոփոխություններ իրականացնելով, որը կհանգեցնի պլաստիկի սպառման մշակույթի փոփոխության: Ծրագիրն ունի հետևյալ երկու բաղադրիչները՝ վարքաբանական էքսպերիմենտ և իրազեկվածության բարձրացման արշավ: Ծրագիրը ֆինանսավորվում է ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի, ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի կողմից: Արտակարգ իրավիճակի դրությամբ (COVID-19) պայմանավորված` Ծրագրի «Իրազեկվածության բարձրացման արշավ» բաղադրիչում եղել են փոփոխություններ. մարզային դպրոցներում իրականացվելիք միջոցառումները փոխարինվել են սոցիալական մեդիայում առցանց արշավով, իսկ բազմակի օգտագործման տոպրակները և տպագրական նյութերը պարենային փաթեթների և պլանշետների հետ միասին բաժանվել են դեռահասներին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր